ԿարևորՀասարակություն

Գյումրիում ԱԹՍ մոդելավորող աշակերտների նախագծած սարքերով նկարվում են մեր լեռների խառնարանները

Գյումրու ավիամոդելային խմբակը պատերազմի ընթացքում սկսել էր ԱԹՍ–ներ նախագծող եւ մոդելավորող մասնագետներ պատրաստել և իրավիճակի թելադրմամբ ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Ներկայում արդեն մասնաճյուղ է բացվել Երևանում, իսկ Վանաձորում և Ալավերդիում մեկնարկին ընդառաջ մասնագետներն են վերապատրաստվում։ Խմբակի հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում պատմում է՝ արդեն մեկ ամիս է՝ Մերգելյան ինստիտուտում շուրջ 30 աշակերտի փոխանցում են ավիամոդելավորման հմտություններ։ Հետաքրքրությունն այնքան մեծ է, որ հերթում սպասողների թիվը կրկնակի է։ Ու այն, ինչ պատմում է զրուցակիցս, կատակ չէ։

«Դասը ժամը վեցին է ավարտվում, բայց ոչ մի երեխայի հնարավոր չէ ժամը վեցին խմբակից դուրս հանել, քանի որ իրենք ամենաքիչը մեկ ժամ ավելի են մնում են։ Վերջում ստիպված դուռը փակում ենք, որ երեխեքը դուրս գան»,–նշում է Թադևոսյանը։

Խաչատուր Թադևոսյանը սա փոքր, բայց կարևոր քայլ է համարում։ Ներկայիս կրթական համակարգի «կաղ» լինելու հետևանքն է, որ անգամ ֆինանսական խնդիրներ չունենալու դեպքում մարդկային ռեսուրսի խնդիր կա։ Ժամանակակից պատերազմներն այլ մոտեցում են պահանջում, ուստի կրթությունը բանակին ծառայեցնելու համար համակարգային, արմատական ու արդի մոտեցում է պետք։

«Կռվի դաշտում ոչ միայն զինվորներն են կռվում, այլև տվյալ երկրների տեխնոլոգիաները։ Պատերազմին մասնակցում ես այդ պահին քո երկրի ունեցած ամեն ինչով՝ մշակույթով, տնտեսությամբ, հիմա առաջին տեղում հաստատ զինվորը չԷ։ Փորձը ցույց տվեց, որ շատ բացթողումներ ունենք կրթության ոլորտում, մշակույթում, իսկ այդ ամենը սերտ կապ ունի բանակի հետ»,–հավելում է Թադևոսյանը։

Պատահական չէ, որ խմբակում աշխատում են նաև 5–6 տարեկան երեխաների հետ․ սա զրուցակիցս համարում է ներդրում  առաջիկա 10–20 տարիների համար։ Խմբակի հիմնադիր Խաչատուր Թադևոսյան․

«Մենք զուտ կայծ ենք տալիս իրենց, որ համապատասխան ոլորտը սիրելով կրթության ձգտեն»,–ասում է Թադևոսյանը։

Գյումրու ավիամոդելային խմբակում այժմ միաժամանակ աշխատում են մի քանի ստարտ-ափ ծրագրերի վրա։ Իսկ Գյումրիի Երկրագիտական ինստիտուտի հետ պայմանավորվածությամբ՝ պետք է հայկական լեռների խառնարանները նկարեն։ Այժմ աշակերտները ստեղծագործական փուլում են․ մոդելներ են նախագծում, որոնք հեշտությամբ կնկարեն խառնարանները։

«Խմբակը, դասերից բացի, ունի նաև սեփական նախագծերը, օրինակ՝ տուրիստական նախագիծ, որով թռչող սարքեր ենք պատրաստում ու քաղաքի տեսարժան վայրերը թռչնի թռիչքի բարձրությունից տուրիստներին ենք ցույց տալիս՝ որպես վճարովի ծառայություն։ Երեխաները մասնակցում են այդ նախագծերին, նաև իրենց գաղափարններն են մոդելների վերածում»,– ամփոփում է Թադևոսյանը։

Լուս․՝ Ֆեյսբուքյան էջի

Գյումրու ավիամոդելային խմբակն այն հարթակն է, որտեղ խմբակի անդամների երազանքն ու երեւակայությունը կայծ են տալիս ու գաղափարի վերածվում, գաղափարներն էլ՝ նախագծերի։ Աշակերտներին առաջադրված առաջադրանքը  տալիս է արդեն շոշափելի արդյունք՝ թռչող սարքեր, որոնք հաղթահարում են տարբեր բարձրություններ ու դրանով ամեն անգամ ավելի բարձր նպատակ սահմանում աշակերտների համար։

Back to top button