ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիա՝ Ախալքալաքում

Երեկ  Ախալքալաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանների փակման դեմ: Հավաքվածները պահանջել են բացել սահմանները, որպեսզի կարողանան մեկնել արտագնա աշխատանքների: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի մերձակայքում, կայացած հավաքին մասնակցել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարբեր գյուղերի բնակիչներ:

«Այս հարցը վերաբերում է մեզ բոլորիս: Ոչ բոլորը կարող են զբաղվել հողագործությամբ, նրանք ապրուստի միջոցները գտնում են խոպանում », – ասել է Քարսեպ գյուղից Արմեն Փամբուխչյանը:

Ակցիայի նպատակն էր իշխանություններին հասցել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու իրենց պահանջը:

«Մեր հիմնախնդիրը Հայաստանի և Ռուսաստանի հետ ճանապարհներն են (խմբ. նկատի ունի սահմանների բացումը): Մենք արդեն սովի մեջ ենք, եթե այսպես շարունակվի, մարդիկ կմեռնեն: Անձամբ ես չեմ մեկնում, բայց իմ հարազատներն ու ընկերները գոյատևում են աշխատելով Ռուսաստանում: Մեր նպատակն է սոցիալական խնդիրը լուծելը: Միգուցե մեր այսօրվա հանրահավաքով չլուծվի այս հարցը, բայց պետությունը կտեղեկանա, որ մարդիկ դժգոհ են, և նրանք այլևս չեն կարող այսպես շարունակել ապրել », – ասել է Սաղաթել Փիլոյանը:

Իրենց բողոքներն ու գանգատները արտահայտել են նաև տեղի ռեստորանների և հարսանյաց տների աշխատակիցները, ովքեր մնացել են առանց եկամտի աղբյուրի:

«Թողեք աշխատենք: Մենք երեխաներ ունենք, նրանք սնվել են ուզում, մենք չենք կարող երեխաներին ասել, որ քաղցրավենիք կերեք շաբաթը միայն մեկ անգամ: Ես հասկանում եմ, ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ»:

«Արդեն մեկ տարուց ավելի է ես չեմ տեսել իմ երեխաներին և թոռներին: Ես ուզում եմ ճանապարհը բացեն և մեզ աշխատելու հնարավորություն տան », – ասել է Մարինա Ավետիսյանը:

Կարտիկամ գյուղից մի երիտասարդ էլ ասել է, որ ինքը երաժիշտ է և չգիտի, թե ինչպես կարելի է գումար վաստակել այս ճգնաժամային շրջանում:

«Հարսանիքներն ու այլ միջոցառումները չեն թույլատրվում, ես ապրում եմ բանկից վերցրած վարկերով և չգիտեմ, թե երբ կկարողանամ այն մարել:

Դիլիսկա գյուղից Գագո Նահատակյանը համաձայն է աշխատել այստեղ, եթե կարողանա աշխատանք գտնել. «Եթե այսպես շարունակվի, մենք կմեռնենք: Թող այստեղ աշխատատեղեր բացեն և մենք կմնանք այստեղ, կամ էլ թող բացեն, կգնանք, կաշխատենք և կվերադառնանք մեր երկիր: Սա մեր հայրենիքն է: Նույնիսկ կարտոֆիլը չի վաճառվում, իսկ եթե վաճառվում էլ է, ապա շատ ցածր գնով: Խանութներում ամեն ինչ թանկացել է »:

Տեղական ինքնակառավարման մարմիններից ոչ ոք ակցիային ներկա չի եղել: Բողոքողները պայմանավորվել են մի քանի օրից կրկին հավաքվել և հրավիրել ղեկավարներին:

Back to top button