ԿարևորՀասարակություն

Աղբի տեսակավորման նոր քայլեր ու նոր մշակույթ մայրաքաղաքում

Երևանի բոլոր վարչական շրջաններում փետրվարի վերջին արդեն տեսակավորված աղբի հատուկ աղբամաններ կտեղադրվեն՝ ընդհանուր թվով 135 տեսակավորման կետ՝ թղթի, պլաստիկի և ապակու համար։

Այսպիսի աղբամաններ արդեն կան մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Ներկայում Երևանի քաղաքապետարանի և մի շարք հասարակական կազմակերպություննեի համատեղ ջանքերով դրանց թիվն ու տեղակայումն ավելանում է՝ ընդգրկելով բոլոր վարչական շրջանները։ Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է, նպատակը՝ ձևավորել աղբի տեսակավորման մշակույթ։ Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Երևանի համար աղբի տեսակավորման 135 կետը, իհարկե, քիչ է, բայց ծրագիրը փորձնական է։ Ընթացքը ցույց կտա՝ ինչպես շարունակել։ ՀՀ օրենսդրությունն այժմ նախատեսում է զսպող մեխանիզմներ՝ աղբը սխալ տեղ թափելու համար տուգանքներ, սակայն այս մշակույթը մեզանում դեռ արմատացած չէ։

«Այս պրոցեսը, որ մենք սկսել ենք, թափոնների արդյունավետ կառավարման ընդամենը առաջին քայլն է։ Մենք մեր քաղաքացիների հետ համատեղ պետք է սովորենք տանը աղբը տեսակավորել և հասցնել համապատասխան թափոնամաններ։ Դրանից հետո արդեն պետական մակարդակով պետք է մարտավարություն ընտրել և հասկանալ՝ ինչ ենք մենք ուզում։ Ուզում ենք աղբը տեսակավորել և այն ներդնել բիոգազի՞ արտադրման մեջ, թե՞ ուզում ենք սննդի թափոններով պարարտանյութ ստանալ և այլն։  Այսինքն՝ մեր արած աշխատանքն այն հիմնաքարն է լինելու, ըստ որի կառավարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը կանեն հետագա քայլերը»,– «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյան։

Back to top button