ԿարևորՀասարակություն

Ուղեղային կենտրոնը Հայաստանում կրթության զարգացման նոր մոդելներ կմշակի

Երկու տարի առաջ լուծարված Կրթության ազգային ինստիտուտի հիմքի վրա ստեղծվում է նոր կառույց՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»  հիմնադրամը՝ հավակնոտ նպատակներով ու խնդիրներով։ Կրթության ոլորտի պատասխանատուներն ասում են՝ նորաստեղծ կառույցը դառնալու է  ոլորտի ուղեղային կենտրոնը։

Այստեղ փորձելու են ոլորտի զարգացման  նոր մոդելներ մշակել ՝ դպրոցների կառավարումից մինչև  հանրակրթության բովանդակության վերանայում ու ուսուցիչների վերապատրաստում։

Դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն․ այս հավակնոտ նպատակն է հետապնդում «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»  հիմնադրամը: Նորաստեղծ կառույցը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման աշխատանքները։ Դրանց բացը ոլորտում  ակնհայտ է հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ»-ի լուծարումից հետո, արձանագրում են ԿԳՄՍ նախարարությունում։ Նորաստեղծ հիմնադրամն ավելի ճկուն համակարգով է գործելու։

Առաջնային խնդիրը լինելու է կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումը, որը վերաբերելու է թե դպրոցների կառավարմանը, թե հանրակրթության բովանդակությանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։

«Օրինակ՝ դպրոցի կառավարման առումով ուղեղային կենտրոն է դառնալու այն իմաստով, որ մշակելու է նոր մոդելներ, որոնք դնելու է կիրառման մեջ՝  համապատասխան ուսուցում կազմակերպելով։ Այժմ մեր դպրոցներում գործող կառավարման համակարգը չունի որոշակի կրթական հիմք։ Դրա համար մենք կարիք ունենք մեր գործընկերներին տրամադրել այդ տեղեկատվությունը, ուղեցույցներ, ինչպես նաև ապահովել հեռավար դասընթացներ, որոնցից իրենց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները կստանան»։

Հանրակրթության ոլորտի ֆինանսավորման վերլուծությունը և բարելավմանը միտված առաջարկների մշակումը ևս նոր կառույցի խնդիրներից են:  Բայց առաջնայինը կրթության բովանդակության վերանայումն է, չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերլուծությունը, նորերի մշակումը։ Նորաստեղծ հիմնադրամը կզբաղվի նաև հանրակրթական համակարգի վարչական և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման արդյունավետության գնահատմամբ ու վերլուծությամբ:

«Այս բոլոր ուղղություններով մշակվելու են նոր մոտեցումներ, կատարվելու են մանրամասն հետազոտություններ»։

Մասնագիտական փորձաքննությունների իրականացումը ևս կենտրոնի առաջնային խնդիրներից է. այն իրականացվելու է նոր մոդելով, որը սկզբունքորեն տարբերվելու է Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած նույնանուն գործից: Նորաստեղծ կենտրոնն, իսկապես հավակնոտ ծրագրով է ներկայանում և հեռանկարային է խոստումներ տալիս՝ ասում է Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, բայց նաև կասկածում, թե որքանով դրանք կյանքի կկոչվեն գործնականում։

«Այսպիսի գեղեցիկ նախադասություններով փաստաթղթեր շատ են եղել։ Խնդիրն այն է, թե այնտեղ գրվածը ովքեր և ինչպես են իրականացնելու»։

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ փաստաթուղթը կարևոր գաղափարներ է առաջ քաշում, այդ թվում՝ կրթական տարբեր օղակների միջև համագործակցությունը։

«Կրթության ազգային ինստիտուտում աշխատելիս տեսա, որ ամեն մի կառույց իր համար է աշխատում։ Չկար միմյանց լսել, միասին մի որևէ խնդիր քննարկել։ Այս նոր փաստաթղթում մի շատ կարևոր բան է պակասում․այդ համագործակցությունը, որ այդպես կարևորել են, ինչպես են դա պատկերացնում։ Գործունեությունը սկսելու  համար պետք է լինի կանոնադրություն, այդ կանոնադրությամբ հստակեցվեն նպատակները, գործողությունների շրջանակը, սահմանները»։

Նորաստեղծ կենտրոնը դեռ ձևավորման փուլում է։ Իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի աշխատակազմը մրցույթներով ձևավորելու համար, որից հետո արդեն շատ հեշտ կլինի կենտրոնի աշխատանքն ու արդյունավետությունը գնահատելը, հավաստիացնում է հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։

«Մենք պարտավորություն ունենք յուրաքանչյուր ամիս այդ աշխատանքի արդյունքը տալ դպրոցներին։ Տեսանելի կլինի՝ դպրոցները ստանո՞ւմ են այդ օժանդակությունը, թե՞ ոչ։ Դա շատ շոշափելի է լինելու, վերացական աշխատանք չի լինելու։ Արդյունքը միանգամից երևալու է»։

Նոր մոտեցումներ են որդեգրվել նաև ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման երաշխավորության կարգերում: Մասնավորապես կերաշխավորվեն ոչ միայն կազմակերպությունները, այլև դասընթացները: Այսինքն` ուսուցիչը ոչ միայն վերապատրաստող կազմակերպություն, այլև համապատասխան դասընթաց ընտրելու հնարավորություն կունենա:

2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ծավալուն աշխատանքներ են նախատեսվում` հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին՝ ԿԱԻ-ի լուծարումից հետո, նշված գործընթացը կասեցված է եղել։ Եվս մեկ կարևոր հայտարարություն, որն արդարացի են համարում թե նախարարությունում, թե Անահիտ Բախշյանն է ողջունում․Նորաստեղծ կենտրոնի նոր ձևավորվող աշխատակազմում ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին առավելություն կտրվի։

Back to top button