ԿարևորՀասարակություն

Մեկ գավաթ «Շտապօգնություն». հայկական թեյերի ալպիական բույրը

Շվեյցարիայում ծրագրերի կառավարում, Լոնդոնում միջազգային հարաբերություններ ուսումնասիրած Արտուշ Եղիազարյանը  վերադարձել է ծննդավայր՝ որոշումով, որ  այսուհետև Գյումրիում ստեղծվածն է Եվրոպա գնալու։  Հայկական մեղրի, դեղաբույսերով թեյերի հետ կապված նախաձեռնություններն արդեն սկսել է, իսկ հաջորդն ավելի էքստրեմալ է․ տուն է գնել Հայաստանի ամենացուրտ կետում՝  Աշոցքում ու հրավիրում  է ամռանն այստեղ ծանոթանալ  էկոտուրիզմի հնարավորություններին:

Օդի սառնությունը, ցրտից փողոցների դատարկությունը  քայլերն ուղիղ տանում են թեյարան: Հայաստանի ենթալպյան գոտու 1000 ու մի ցավի դարման խոտաբույսերով թեյի բույրն ու գոլորշին զրույցն ավելի հետաքրքիր են դարձնում:

«Սա մեր «Շտապ օգնություն» թեյն է՝ եղինջով, երիցուկով, լորենիով և կալենդուլայով: Եղինջը հին ժամանակներում խմել են որպես թեյ, իր բուժիչ հատկությունների համար»:  

Արտուշ Եղիազարյանը «Շտապ օգնություն» կոչվող թեյի բուսափնջի յուրաքանչյուր բույսի բուժիչ հատկությունները գիտի ու հերթով թվարկում է:   

«Նարնջագույն ուրախություն», «Ներդաշնակություն», «Տոնուս»․ 37 անուն թեյերից «Հավերժ երիտասարդ» անվամբ թեյի բաղադրությունն  ավելի  է հետաքրքրում: Հնամյա մեթոդները՝ գիտական բացատրությամբ Արտուշ Եղիազարյանն է մանրամասնում․«Ունենք մասնագետ, որը մեր բոլոր խոտաբույսերի բուժիչ հատկություններն ուսումնասիրել և կոմբինացիաներ է ստեղծել»:

Հրաշալի բուրմունքով բուժիչ թեյերը շուտով մայրաքաղաք էլ կհասնեն:

«Բայց չեմ էլ ուզում շատ մեծանանք, որովհետև հենց փոքրի մեջ է որակը», – ասում է Արտուշ Եղիազարյանը։

Շուրջ 10 տարի առաջ Արտուշը դեռ Շվեյցարիայում էր ապրում, հեռավար օգնում ու կազմակերպում էր Թեղուտը հանք դարձնելուն դեմ ընկերների ակցիան ու աջակցում, որ Թեղուտի մեղրը Շվեյցարիայում շուկա գտնի:

Շվեյցարիայում ծրագրերի կառավարում, Լոնդոնում միջազգային հարաբերություններ ուսումնասիրած երիտասարդի համար մեր երկրի գրավչության բացահայտումն առաջնահերթ է դառնում ու վերադառնում է ծննդավայր՝ Գյումրի, իրականացնում հայ-շվեյցարական «Մեղր ու բույս» ծրագիրն ու տնտեսության զարգացման հեռանկարներն ուսումնասիրում՝ ունենալով եվրոպական շուկայի օրինակը:

«Չեք գտնի մի խանութ, որտեղ թուրքական ապրանք չլինի, որովհետև Թուրքիան գրավել է եվրոպական շուկան և հասել նրան, որ Եվրոպայի հետ ազատ առևտրի պայմանագիր ունի, կարծեմ՝ 350 միլիոնանոց շուկա է: Այդ շուկան մեզ կարող է ուղղակի հարստացնել ինտենսիվ ձևով: Մեզ պետք է նոր շուկաներ գրավել»:  

Արտուշ Եղիազարյանը պետություն-դեսպանատներ-գործարարներ համագործակցության մոդելի իր բանաձևն է առաջարկում: Ասում է՝ նախնական ներդրումը ճիշտ է, մեծ կլինի, բայց շահութաբերությունը կարդարացնի բոլոր ծախսերն ու տնտեսության զարգացման նոր հեռանկարներ կուրվագծի:

«Ես Հայաստանում մարդկանց եմ ճանաչում, որոնք հարստացել են ներկրումով, բայց դա մեր երկրում արժեք չի ստեղծում, ներսի գումարներն է հավաքում, իսկ մեզ պետք է դրսից գումարներ բերել, դա արտահանումն է»:

Խոսելու թեմաները շատ են, բայց մեր թեյը, մեղրն ու ժամանակն արդեն վերջանում են: Ամեն խնդրի մեջ հնարավորություն տեսնող Արտուշ Եղիազարյանը շտապում է Աշոցքի Վարդաղբյուր գյուղ:  Այնտեղ, որտեղ տարվա ուղիղ կեսը մարդիկ ձյան գերության մեջ են ապրում, այս օրերին էլ ջերմաստիճանը 35 աստիճանով ցածր է 0-ից, Արտուշը տուն է գնել։ Ասում է՝ ամռանը կտեսնեք էկոտուրիզմի հնարավորություններն ու տեղանքի հրաշքը՝ նոր տեսանկյունից:

Back to top button