Ծովահայեր

«ԱՅԱՍ»-ի գանձերը․ «Ծովահայեր»

  • Արարատ բարձրացած ու իջած Նոյան տապանը։
  • Շիրակի մարզում հայտնաբերված 3000 տարեկան նավակը։
  • Աշխարհի նավերն ու հայկական նավաշինության առանձնահատկությունները։
  • Ծովահայերի եթերում Այասի նավապետը բացում է հայկական նավագնացության հարուստ պատմության գանձանակը։

Հայնախագիծ ինստիտուտի շենքի 5-րդ հարկում, միջանցքի ամենալուսավոր  վերջում, դեմ հանդիման սենյակի դուռը տարբերվում է մյուսներից: Ծովային հետազոտությունների Այաս ակումբն է:

Ցուցանակը, դռան վերևում՝ շքեղ առագաստանավի պատկերը և վիկինգների ագրեսիվ՝ բայց և հաղթողի հոգեբանություն կերտող ծովային ծովագնացության օրենքներով ցուցանակը հուշում են, դռան հետևում մեզ հետաքրքրություններով հարուստ աշխարհ է սպասում:

Ներս եմ մտնում, ընդամենը մի քանի քառակուսի մետր փոքրիկ տարածք, պատերին ու հատակին գրեթե ազատ տեղ չկա, արկածային հարուստ պատմության կախարդական արկղ հիշեցնող սենյակում նավապետն է, Կարեն Բալայանը հայկական պատմության մեզ անհայտ էջերի պրպտումների մեջ է:  Մի պահ զարմանքից քարանում եմ, Հայաստանի նման փոքրիկ տարածքում, Հայաստանի նման հարուստ պատմություն է պարփակված, իսկ մեր հայրենակիցներից շատերը հնարավորություն չունեն տեսնելու, իմանալու, սովորելու: Հսկայական ժառանգության միակ պահապանը նավապետն է, արխիվն հավաքել է ամբողջ կյանքի ընթացքում, աշխարհի տարբեր երկրներից:

Չեմ կողմնորոշվում ինչից սկսել և ինչին ուշադրությունս սևեռել։ Մոտենում եմ Նոյան տապան հիշեցնող մի փոքրիկ նավակի, նավապետն էլ՝ նավակի պատմությանն է ծանոթացնում։ 

Կարեն Բալայան․ Փորձեցինք բոլորին հասկանալի ձևով պատրաստել Նոյան տապանը, չնայած ես այն կարծիքին եմ, որ իրական Նոյան տապանն այլ տեսք ուներ։ Պատմեմ պատմությունը։ Երբ որ 1991-ին մենք սկսեցինք կառուցել նավը, ալպինիստ ընկերս եկավ, Մալյան Սաշան, ասեց — «Գնում եմ Արարատի գագաթ բարձրանամ, ի՞նչ առաջարկներ կան»։ Ես էլ մեր նավի փայտից մի փոքրիկ, սիմվոլիկ նավակ սարքեցի, նոյան տապանի մանրակերտը, տվեցի, որ տանի Արարատ ու հետ բերի, հետն էլ՝ մի փոքրիկ քար։ Այս նոյան տապանը եղել է Արարատի գագաթին ու հիմա պահվում է այստեղ։ Հետո՝ իհարկե, ծովային թանգարանի նմուշ է դառնալու։

Նոյան տապանի կողքին, դիմացի պատի դարակներում տարբեր երկրների հայտնի նավերի մանրակերտերն են, իրենց պատմություններով։

Կարեն Բալայան․ Առկա նավերի մանրակերտերի տեսականին հետագայում ավելացնելու ենք մեր հավաքածուն։ Ձախից՝ հայտնի «Գոլդեն հայնդ»ն է, հայտնի ծովահեն Ֆրենսիս Դրեյքի նավը։ Այդ նավով և իր անձնակազմով Ֆրենսիս Դրեյքը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել։

Ակամայից մտածում եմ, «հայերիս հետ կապ ունի՞ արդյոք»։ Նավապետն էլ ժպտալով պատասխանում է, «եթե մենք ուզում ենք ներկայացնել հայկական նավագնացության ու նավաշինության պատմությունը, անպայման պետք է զուգահեռներ տանենք համաշխարհայինի հետ։ Ամեն ինչը գնահատվում է համեմատության մեջ և դրանից մենք շահում ենք, քանզի բավականին լավ դիրք ենք զբաղեցնում այդ ոլորտում։

Հաջորդ նավը՝ 1888 թ․-ի Ակառանա առագաստանավն է, նորզելանդական։ Երրորդը՝ Արևելյան Ամերիկայի ափերին 2 հայտնի քաղաքներ կային՝ Բոստոն և Գլաստեր, երկուսն էլ ձկնորսական քաղաքներ էին 19-րդ դարում և մրցում էին, թե ու՞մ նավերն էին ավելի արագ։ Հետևաբար շատ արագ զարգացան, նրանց դպրոցի նավերը կոչվում էին «Սիլֆ»։

Հետքաքրքրությունս շարժում են հատկապես ապակե շշերի մեջ կառուցված նավերի մանրակերտերը։ Նավապետն էլ բացատրում է, որ դա նավամոդելավորողի վարպետությունը ներկայացնելու ևս 1 միջոց է և ապահով է պահպանելու համար»։

Մի քանի քառակուսի մետր տարածքում մանրակերտ նավատեսակները տարբեր են, հետաքրքր, բազմազան, յուրաքանչյուր տեսակի մասին ներկայացնելու համար նույնիսկ մեկ եթերը չի բավարարի։ Բայց նավերը դեռ մի փոքրիկ մասն են նմանը չունեցող հավաքածուի։

1985-ին հիմնադրված «Ծովային հետազոտությունների ԱՅԱՍ ակումբի երիտասարդ էնտուզիաստները արդեն իսկ ուսումնասիրել էին նավաշինության նրբություններն ու առանձնահատկությունները, հետո՝ Կիլիկիա առագաստանավով հայկական նավագնացության պատմությունը վերամոդելավորեցին ու մեր պատմության ծովագնացության էջերը հարստացրին։ Տղաները հավատում էին իրենց ուժերին, հետո՝ աշխարհն էլ հավատաց։

Նավապետի մասնագիտական հարուստ գրականութան օտարալեզու գրքերում նաև հայկականի մասին տեղեկություններ կան։ Հետաքրքրվում եմ, թե նավապետը հայերիս մասին ի՞նչ է ներկայացրել աշխարհի առաջավոր գիտական տեղեկագրերին։

Կարեն Բալայան․ Այս ամենով մենք զբաղվում ենք ոչ թե սիրողական, այլ գիտական մակարդակով։ 1994-ից մշտապես մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, պատմում ենք հայ նավագնացության և նավաշինության դրվագներից։ 1999-ին Գերմանիայում հրատարակված «Schutz des Kulturerbes unter Wasser» գրքում ներկայացրել ենք զեկույց Սևանի նավակների վերաբերյալ, սկսած նախնադարյան շրջանից։ Ամենահին նավակը, որը հայտնաբերվել է Հայաստանում, դա Լճաշենի դամբարանադաշտից գտնված, մեկ գերանից փորված չորսմետրանոց մակույկն է, ինչը թվագրվում է Ք․ա․ 15-րդ դար։ Եւս մի նավակ հայտնաբերվել է Հայաստանի հյուսիսից, նույնպես դամբարանից, դա թվագրվում է  Ք․ա․ 9-րդ դար։ Պարզ է, որ Լճաշենի նավակն անմիջապես կապ ուներ Սևանի հետ, իսկ Շիրակի դամբարանադաշտից գտնված նավակը մի գուցե ունի պաշտամունքային նշանակություն, քանզի բոլոր ժողովուրդների մոտ կար նավով մի կյանքից մյուսն անցնելու հավատալիքը։ Մի գուցե ձկնորսական նավակ է, ինչով ձկնորսություն են արել գետում։   

«Ships and maritime landscapes» գրքում ներկայացրել եմ «Կիլիկիայի» մասին, նավաշինության և հին ուղիներով ճամփորդության մասին։

Երրորդ՝ «Medival Ports in North Aegean and the Black Sea» գրքում, ներկայացրել ենք Հնդկաստանում և Արևելքում՝ Ֆիլիպիններում, Չինաստանում հայկական գաղութների, Հնդկական օվկիանոսում հայերի ազդեցության մասին։ Մեր հաջորդ ճամփորդության ուղղությունը դեպի Հնդկական օվկիանոս է։ Մենք գիտենք և հայկական որոշ նավերի անուններ և նավաբեկության մոտավոր վայրերը։ Պլանավորում ենք փնտրել և եթե հաջողվի գտնել թեկուզ մեկը։

Զարմանում եմ, մեր երկրի հարուստ պատմության ներկայացման համար պատկան մարմինները տարիներ շարունակ մի փոքրիկ տարածք հատկացնելու թույլտվություն չեն տալիս, այն պարագայում երբ առկա են հարուստ ցուցանմուշներ, հայագիտության զարգացմանը նպաստող մեկենասները պատրաստ են թանգարանի կառուցումը  ֆինանսավորել: Սկսում եմ տարակուսել, փաստորեն տարիներ շարունակ խրախճանքի, առևտրի ու ժամանցի վայրեր կառուցելու համար հողատարածք միշտ գտնվել է, Ծովային թանգարանի համար՝ ոչ: Եթե ուզում ենք փոխել մեր իրականությունը, հարկավ, նախ պետք է փոխենք մեր առաջնահերթությունները:

Մեր առաջիկա թողարկումներում Այասի գանձանակից կպատմենք նավագնացության հետ քարտեզագրության ու աստղագիտության կապի մասին և թե ինչպես էին պայքարում Օքսֆորդի գիտության թանգարանի տնօրենն  ու Արաբ շեյխը՝ Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծած 15-րդ դարի աստրոլաբի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button