ԿարևորՀասարակություն

Սուրբ Սարգիսը զինվորական էր, մարտնչում էր թշնամու և կուռքերի դեմ

Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում, շաբաթ օրը հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Շավարշ Սարկավագն ասում է՝ տոնական միջոցառումները պատարագներով փոխարինելու որոշումը նախ արվելու է որպես պատերազմում զոհված զինվորների հիշատակի արարողություն, բացի այդ պայմանավորված է համավարակով։

«Սուրբ Սարգիսն էլ հենց զինվորական էր, մարտնչում էր թշնամու և կուռքերի դեմ»,- հիշեցնում է Շավարշ սարկավագը։

Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Սուրբ Սարգսի տոնն ավանդաբար Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով:

Այսպես, օրինակ, տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները և տղաներն աղի բլիթ են ուտում և ակնկալում, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ երազում կայցելի ապագա փեսացուն կամ հարսնացուն։ 

Վերջին տարիներին Սուրբ Սարգսի տոնը զուգակցվում է մեկ այլ տոնի՝ Սուրբ Վալենտինի հետ՝ կարծես ազգային տոնի հետ մրցակցությամբ։ Շավարշ Սարկավագը շեշտում է՝ ցանկացած պարագայում նախապատվությունը պետք է տալ հայկական տոներին, մանավանդ, երբ երկուսի խորհուրդն էլ գրեթե նույնն է:

«Սուրբ Վալենտինի տոնի հետ կապված կարող եմ ասել, որ դա այլ ազգերի տոնն է, այլ ազգերի սուրբը, որը նրանք նշում են։ Ես ուրախ եմ, որ արդեն վերջին շրջանում երիտասարդները սկսել են նշել հենց սուրբ Սարգսի տոնը»,-ասում է Շավարշ սարկավագը։

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, այդ է պատճառը, որ 5-րդ դարից սկսած, երբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբի մասունքները բերում է Կարբի՝ տեղում կառուցելով Երանելու անունը կրող եկեղեցին, մինչ օրս մարդիկ հիշատակում են սրբին և հավատում նրա զորությանը։ Շավարշ Սարկավագը նշում է՝ քրիստոնեության գլխավոր ուղերձներից մեկը հենց հրաշքին հավատալն է։ Ու այս օրն էլ հրաշքին հավատալու համար բացառություն չէ։

Back to top button