ԿարևորՀասարակություն

Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը տեղեկացրել է, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը տեղեկացրել է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,-նշել է նա:

Պատերազմի օրերին վիրավորում ստանալուց հետո Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27 -ին ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Back to top button