ԿարևորՀասարակություն

Մոսկովյան եռակողմ հանդիպումը «լուռ» է

Այսօր Մոսկվայում ծրագրված էր եռակողմ աշխատանքային խմբի ղեկավարների առաջին հանդիպումը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի քննարկման օրակարգում Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների հարցն է։

Այս հանդիպումը հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։ Նախատեսվում է, որ կկազմվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված աշխատանքների ցանկ, կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր, և մինչև մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին կներկայացվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով փոխադրումների իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ցանկն ու ժամանակացույցը։

Ողջ օրվա ընթացքում Մոսկվան լուռ էր․ խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպման մասին է, որի ընթացքում Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուսթաֆաևը պետք է քննարկեին Հարավային Կովկասի ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից «Ռադիոլուր»–ին հաստատում են՝ փոխվարչապետը մեկնել է Մոսկվա, հանդիպումը չի չեղարկվել, բայց մանրամասներ չեն փոխանցում։ Հանդիպման օրակարգը  դեռ երկու օր առաջ շատ հստակ չէր նաև Հայաստանի գլխավոր բանագնացի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համար։

 «Կհանդիպենք՝ կտեսնենք։ Կարծում եմ, օրակարգի ձևավորման համար նախ՝ պետք է հանդիպումը լինի։ Այս պահին մենք հունվարի 11–ի օրակարգի,  մասնավորապես,  օրակարգի 4–րդ կետի շրջանակում ենք լինելու։ Բարդ աշխատանք է։ Շատ–շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բազմաթիվ բաղադրիչներ կան այդ հարցի հետ կապված, այդ թվում՝ անվտանգությունը և նախ և առաջ՝ անվտանգությունը։ Վստահ եմ, որ խնդրի լուծման համար այդ բազմաթիվ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի», — ասել էր Մհեր Գրիգորյանը։

Թեմայի շուրջ ավելի շատ տեղեկատվություն կա ռուսական մամուլում։ Օրինակ՝ РБК ալիքի փոխանցմամբ, այսօր փոխվարչապետերի քննարկման օրակարգում մի քանի նախագծեր են, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող ու Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու կառուցումը, որի միջոցով, իր հերթին, Հայաստանը կկարողանա կապվել Ռուսաստանի հետ։ Ադրբեջանն իր տարածքում արդեն իսկ սկսել է երկաթուղու կառուցումը, ցանկանում է նաև Նախիջևանի հետ կապող ավտոճանապարհ ունենալ։ Բայց մինչև գործնական աշխատանքների անցնելը, նախ՝ պետք է քննարկվեն կարևորագույն հարցեր, ասում է ՌԴ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։

Վերլուծաբանի համոզմամբ՝ մի քանի տարբերակներից որոշվելու և հաստատվելու են այն տարածքները, որոնցով պետք է անցնեն տրանսպորտային ենթակառուցվածքները։ Բացի դրանից՝ պետք է որոշվի, թե ովքեր են կառուցելու այդ ենթակառուցվածքները, որ երկրի շինարարներն են աշխատելու։ Մարկովը որպես օրինակ ներկայացնում է Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհի հայաստանյան հատվածը։ Վերլուծաբանը հարցնում է՝ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է իրականացնեն Հայաստանի՞ , թե՞ Թուրքիայի կամ Ռուսաստանի շինարարները, միգուցե՝ Ղրղզստանի կամ Տաջիկստանի քաղաքացիները, ինչպես սովորաբար Ռուսաստանում է արվում։ Աշխատանքների ֆինանսավորումը, սեփականության ձևը և կոմունիկացիաների հարցերով որոշում կայացնելու իրավունքը  նույնպես բանակցելու հարցեր են՝ ըստ ռուս վերլուծաբանի։

Այս հարցում ուշագրավ են ռուսական կողմի հնարավորությունները։ 2008 թվականին Հայաստանի երկաթուղային համակարգը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ամբողջովին պետական Российские железные дороги ընկերությանը՝ այդ ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդպես ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Մինչ տնտեսական խնդիրների լուծումը, սակայն, հայաստանյան կողմն ունի առավել կարևոր խնդիր, որի մասին մոսկովյան հանդիպումներից օրեր առաջ խոսել են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Քաղաքական օրակարգում թիվ մեկ  խնդիրը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձն է։ Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, վկայակոչելով միջազգային կառույցները, հայտարարել էր․ «Այս հարցով շահարկումները շարունակելը  խնդրահարույց է լինելու հենց Ադրբեջանի համար»։

Back to top button