ԿարևորՀասարակություն

Հարժիսի խաչմերուկում սաստիկ բուքը թույլ չի տալիս ձնամաքրման աշխատանքներ կատարել

Մ-2 մայրուղու Սդղի գյոլի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում տասնյակ մեքենաներ՝ ուղեւորներով, մնացել են ձյան տակ եւ չեն կարողանում շարժվել: Սաստիկ բուքի պատճառով մայրուղում տեսանելիություն չկա: Մայրուղուց ստացվող տեղեկությունների համաձայն՝ ուղեւորների մեջ կան կանայք եւ երեխաներ, հայտնում է «Սյունյաց երկիրը»:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը տեղեկացրել է, որ ժամը 14:00-ից ոտքի են հանվել Գորիսի, Սիսիանի բոլոր փրկարարներն ու ճանապարհաշինական կազմակերպությունները, սակայն սաստիկ բուքը թույլ չի տալիս ձնամքարման աշխատանքներ կատարել: Ուստի խնդրվում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են ձնաբուքի մեջ եւ չեն կարողանում շարժվել, զանգահարել ԱԻՆ-ի մարզային վարչության պետ Արթուր Հարությունյանին՝ 093 60 56 45 հեռախոսահամարով եւ «Ոսմար» ՍՊԸ  տնօրեն Հարություն Ոսկանյանին՝ 098 00 90 06 հեռախոսահամարով ու տեղյակ պահել իրենց գտնվելու վայրի կորդինատների եւ մեքենաներում գտնվող մարդկանց քանակի մասին:

«Մենք այդ կերպ կփորձենք մարդկանց դուրս բերել ստեղծված ծանր կացությունից»,-ասել է Մելիքսեթ Պողոսյանը:

Մարզպետը տեղեկացրել է նաեւ, որ գործողության մեջ են դրվում ՀՀ զինված ուժերի բանակային  1-ին կորպուսի տեխնիկական հնարավորություններն ու զինվորները:

Միաժամանակ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա և 75 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Ավելի վաղ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնել էին, որ Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ է առել Սիսիան քաղաքում:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։

Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին»,- նշված էր հաղորդագրությունում:

Back to top button