ԿարևորՀասարակություն

Բանակից՝ բուհ. պատերազմի բոլոր մասնակիցները կօգտվեն վարձի փոխհատուցումից

«Ես Սեյրան Սողոյանն եմ, սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում»

Սեյրանը փետրվարի 8-ին կվերադառնա դասի, կվերադառնա պարտադիր զինվորական ծառայությունից ու «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժումն ավարտելուց հետո։

«Նպատակներս կապված են մեր երկրի ապագայի հետ, այն ինչ պիտի անեմ նպատակաուղղված է մեր երկրի զարգացմանը»,– ասում է Սեյրան Սողոյանը։

Մինչ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ԵՊՀ ուսանողը մասնագետների հետ փորձում է՝ բնականոն քայլքը վերականգնել, Կրթության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Սեյրանի ու պատերազմին մասնակից զորացրված մյուս տղաների ֆինանսական բեռը թեթևացնելու համար։

«Օնլայն կրթությունը ինձ օգնեց, քանի որ ես այս պահին բուժման մեջ եմ ու կարող եմ համատեղել ուսումն ու բուժումը»,– պատմում է ԵՊՀ ուսանողը։

Մարտական գործողություններին մասնակցած ուսանողներն ուսումնառության ողջ ընթացքում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան։ Այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող երկու օրենքում փոփոխություններ է նախաձեռնել։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» գործող օրենքների կարգավորումներով՝ ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են բարձր առաջադիմությամբ, սոցիալական որոշակի խմբերի ընտանիքների անդամ, ինչպես նաև սահմանամերձ համայնքների ուսանողները։

Օրենքում առաջարկվող փոփոխություններով՝  փոխհատուցման շրջանակը կընդլանվի՝ ներառելով նաև մարտական գործողությունների մասնակից ուսանողներին։ Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն արցախյան վերջին, այլև ապրիլյան պատերազմի մասնակիցներին։

Թյուրընկալումները բացառելու համար հարկ է շեշտել՝ վարձավճարի փոխհատուցումից օգտվում են մարտական գործողություններին մասնակցած այն անձինք, որոնց զինգրքույկում  առկա է «մարտական գործողությունների մասնակից» նշագրումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն, ի պատասխան հարցի, թե ինչպես է կազմակերպվելու նոր զորացրվածների փոխհատուցումը, մանրամասնում է․

«Եթե ուսանողն ընդհատել է կրթությունը, զորակոչվել բանակ, որտեղ մասնակցել է պատերազմի, հետևաբար զորացրվելուց հետո, եթե նա զինգրքույկում ունենա մարտական գործողության մասնակցության մասին գրառում և համապատասխան կնիք, ապա միանշանակ կօգտվի կառավարության աջակցության ծրագրից: Մինչև 2022 թվականի ավարտը մենք դեռ ունենալու ենք պատերազմին մասնակից զորացրված ուսանողներ, նրանք մեկ կիսամյակի ուսման վարձի չափով փոխհատուցում անպայման ստանալու են»,– ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Մինչ  օրենքները կփոփոխվեն, կառավարությունը հարցին ընթացք է տրվել առանձին որոշմամբ. տարեվերջին հաստատված աջակցության ծրագրով արդեն շուրջ 2000 ուսանող 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է ստացել։

Նախարարությունից հայտնում են՝ դրանք հիմնականում մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամ ուսանողներն են։ Իսկ այս կիսամյակում արդեն պետք է դասի վերադառնան մարտական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողները, որոնք զորացրվել են հունվարին։ Կրթական գերատեսչության ղեկավարի վստահեցմամբ՝ աջակցության ծրագրից կօգտվեն նաև, օրինակ, 2022թ զորացրված ու մարտական գործողություններին մասնակցած զինծառայող ուսանողները։  

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը պարզաբանում է.

«2022թ զորացրված ուսանողի համար արդեն կկիրառվի օրենքի համապատասխան կետը, եթե Աստծո հաջողությամբ փոփոխությունն ընդունված լինի»։

Լուսինե Գրիգորյանը վստահեցնում է՝ առաջնայինն այն է, որ ցանկացած ժամանակ մարտական գործողությունների մասնակիցը օգտվի պետության աջակցությունից, տվյալ դեպքում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումից։  ԿԳՄՍՆ-ում հուսով են՝  օրենսդրական փոփոխությունը թույլ կտա խնդիրը հիմնովին լուծել։

«Անհրաժեշտության դեպքում, միջոցառումը կփոփոխենք, այն կդառնա 2022-23թթ ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար, բայց մարտական գործողություններին մասնակցած ուսանողները այդ փոխհատուցումը անպայման կստանան»,– եզրափակում է Լուսինե Գրիգորյանը։

Իսկ այս ընթացքում արդեն նախարարությունը հորդորել է բուհերին՝ ծրագրի հնարավոր շահառուներից ուսման վարձը դեռ չպահանջել, քանի դեռ կարգավորումներն օրենքով վերջնականապես տրված չեն։

Back to top button