ԿարևորՀասարակություն

Անմահանալուց ութ օր առաջ Արթուրը ճակատում նշեց ծննդյան օրը

Ռազմական բժիշկ, պահեստազորի սպա, մայոր  Արթուր Ավետիսյանը պատերազմի 2-րդ օրը զենք էր վերցրել , միացել  «Սև Հովազ» ջոկատին ու մեկնել Արցախ: Այնտեղ նշել էր ծննդյան 48-րդ տարեդարձն ու զոհվել 8 օր անց: Ռազմական բժիշկը ծառայության ընթացքում արժանացել էր  բազմաթիվ խրախուսանքների, պարգևատրվել  մեդալներով: Զոհվել էր ԱԹՍ-ի հարվածից, գրպանից գտնվել էր   «Սև հովազ»  ջոկատի վկայականի մի մասը:

Նրան դոկտոր էին ասում, «Սև Հովազի» դոկտորը, ով առաջին շտապօգնությունն էր ոչ միայն բանակում, ջոկատում,  այլ նաև` շրջապատում: Արթուր Ավետիսյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ էր, բանակում ծառայելու ընթացքում սիրել էր  զինվորական գործը և մնացել ծառայության մեջ:  Ատամնաբույժից դարձել էր  ռազմական բժիշկ, իսկ երկարատև ու անբասիր  ծառայության ընթացքում  ստացել մայորի կոչում:

Արթուրը բանակում  մասնագիտական պարտականությունները կատարել էր գրեթե 15 տարի, իսկ  2014 թ-ից արդեն պահեստազորում էր:  Կինը՝ Արփինեն, ասում է, որ նա շատ հայրենասեր էր: Ամեն անգամ, երբ հայրենիքին վտանգ էր սպառնացել  Արթուր Ավետիսյանն առաջինն էր կանգնել  հրամանատարի՝  Ռուստամ Գասպարյանի կողքին  ու հասել պաշտպանական դիրքեր:

Սեղանին Արթուրի պատվոգրերն են ու մեդալները, որոնք ստացել էր ծառայության ընթացքում: Հիմա  կինը հաճախ է դրանք բացում, կարդում, ներքուստ հպարտանում հերոս ամուսնով.

«Ծառայել է Արմավիրի հայկական ուսումնական  զորամասերում: Մի քանի տարի շարունակ եղել է Հայաստանի լավագույն բուժծառայության պետ,  արժանացել  է «Զինվոր հայրենյաց» մեդալի, «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի » «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալների:  Նրա  հայրենասիրությունը փոխանցվել է նաև երեխաներին, այդպես է դաստիարակել»:

Պատերազմ էր մեկնել սեպտեմբերի 28-ին, մեկնել էր հաղթելու հույսով, ոգևորությունը երբեք չկորցնելով: Պատերազմի դաշտում, երբ մոռացվում է ամիսն ու ամսաթիվը, օրն ու ժամը, երբ մարտիկները միայն հրամաններ են կատարում, Արթուրը հիշել էր ուսուցչի օրն ու  առաջինը  շնորհավորել մանկավարժ զինակից ընկերոջը: Հրաչ Դավթյանն անակնկալի էր եկել.

«Առավոտյան զարթնեցինք, մեկ էլ եկավ, ասեց՝ արի, արի քեզ մի հատ շնորհավորեմ, ասեցի ինչը, ես էլ էի մոռացել, բա՝ էսօր քո օրն է, շնորհավորեց: Նա շատ նրբանկատ էր ու բոլորի հանդեպ ուշադիր»:

Ծննդյան 48-րդ տարեդարձը Արթուրը նշել էր պատերազմի դաշտում, հոկտեմբերի 7-ին: Այս անգամ անակնկալ պատրաստելու հերթը Հրաչինն էր, մտահղացումը՝ 20-ամյա բուժքրոջը: Ձեռքի տակ ունեցած քաղցրավենիքներով  «Պանքեյք» էին պատրաստել ու փչել ծննդյան մոմը.

«Դոկտորի համար խտացրած կաթով, պեչենիով տորթ էինք սարքել, վրան չրով գրել էինք Դոկ,  որովհետև տեղը չէր հերիքում, որ լրիվ դոկտորը գրեինք: Մոմը դրեցինք, Արթուրը փչեց, իր փչելուց հետո հրամանատարը ներս մտավ մեր պալատկեն, ասեց՝ ինչ է կատարվում, էս ինչ եք անում, արեք, արեք, տեսնենք ինչ եք անում:  Ասեցինք՝ դոկտոր արի մի հատ էլ փչի: Ուրախ էր, աչքերը փայլում էին ուղղակի: Արթուրը գրպանից զաժիգալկեն հանեց, մոմը վառեց ու նորից փչեց: Ինքն ասեց՝ սենց ծնունդ չեմ ունեցել, շատ ուրախ էր»:

Ծննդյան վերջին տարեդարձի մոմը 2 անգամ փչեց, բայց երկրորդ կյանք չստացավ: Մարտերը գնալով սաստկացել էին, և  հոկտեմբերի 10-ին իրենց   հյուսիսից տեղափոխել հարավ՝ Հադրութ: Ասում էին, որ  դոկտորը Ռուստամ Գասպարյանի աջ ձեռքն էր.

«Մի պահ եղավ, որ Արթուրն ուզում էր մեզ իջեցնել, փոխարինողներ էին գալու մեզ: Ինձ ասաց՝ դու էլ ես իջնելու, ես չհամաձայնեցի ու էդ օրը չիջա: Արթուրին ասեցի՝ լավ, որ բոլորիս  իջեցնում ես, բա դու ե՞րբ ես իջնելու,  սիրուն ժպիտով ասաց՝ բոլորդ իջնելու եք, ստեղ մնալու ենք ես ու քավորս:  Էդ ժպիտով խոսքը  մինչև հիմա դաջվել է ուղեղումս»:

Քավորին հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջը: Ծնունդից 8 օր անց՝  հոկտեմբերի 15-ի գիշերը  մայոր  Արթուր Ավետիսյանը զոհվեց  անօդաչու թռչող սարքի հարվածից, զոհվեց իր սիրելի հրամանատարի՝ Ռուստամ Գասպարյանի հետ միասին: Նրա գրպանից միայն «Սև հովազ»-ի վկայականի մի մասն էր մնացել:   

Արթուրը 2 աղջիկ ունի՝ 15 և 7 տարեկան: Առաջնեկը՝ Ալլա Ավետիսյանը,  մտադրվել է շարունակել հոր գործը՝ բժիշկ դառնալ: Մասնագիտության ընտրությանը հայրը չի միջամտել.

«Միշտ ազատ է թողել, երբեք չի ասել՝ ես բժիշկ եմ, դու էլ դարձիր, ես էլ քեզ կօգնեմ ինչ-որ հարցերում: Ես ուզում եմ, որ բժշկության մեջ ինձ ներկայացնեմ որպես դոկտորի աղջիկ»

Երազանք է, որն Ալլան ցանկանում է իրականացնել ամեն գնով: Երեխաները հիմա կարոտում են հորը, նրա  զրույցներին ու հեռախոսազանգերին, որոնք շատ կարճ են տևել:  Պատերազմում գտնվելու 17 օրվա ընթացքում կինն այդպես էլ չի իմացել, թե ամուսինը որտեղ է  կռվել և որ  դիրքերում է եղել: Դրանից չի նեղվել, զինվորականի կին էր և համբերատար սպասել էր պատերազմի ավարտին ու ամուսնու վերադարձին:

Back to top button