ԿարևորՀասարակություն

Աղի բլիթի ժողովրդական տոնը՝ Էջմիածնի «Մեր Տան» աղջիկների նախաձեռնությամբ

Սուրբ Սարգսի տոնը հոգևոր տոնացույցից դուրս ժողովրդական սպասված տոներից մեկն է, որին ամենաշատը սպասում են երիտասարդները: Նախօրեին աղի բլիթ են ուտում և սպասում երազում ջուր տվող ասպետին:  Էջմիածնի  «Մեր Տանը» աղջիկների համար աղի բլիթները թխել էր հադրութցի Նորա տատիկը: Արարողությունն անցել է երգ ու պարով: 

Մանկատնից հետո նոր կյանք գնացողների ճանապարհը հաճախ  սկսում է Էջմիածնի  «Մեր Տունը»  սոցիալական հասարակական կազմակերպությունից: Աղջիկներն արդեն գիտեն, որ այստեղ ապահով տաք անկյուն է, որտեղ  ձեռք են բերում տարբեր հմտություններ և դուրս են գալիս հարսնաքողով, ստեղծում իրենց երազած ընտանիքը: Ընտանիք կազմելու ուղեգիրն էլ երբեմն ստանում են սուրբ Սարգսի տոնին:  

Մեր Տանը չեն անտեսվում ժողովրդական տոներն ու ընդառաջ գնալով աղջիկների նախատձեռնությանը, կազմակերպել էին աղի բլիթի թխման արարողությունը: Էջմիածնի  «Մեր Տունը» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանն ասում է, որ մշակույթի միջոցով պետք է վերադարձնել մեր կյանքի գույները.

«Ես ծնունդով Սպիտակից եմ, ես տեսել եմ երկրաշարժ, շատ զոհեր ու կորուստներ եմ ունեցել, բայց հասկացել եմ, որ պետք է ապրել, ապրել մշակույթով, դժվարությունները հաղթահարել մշակույթով և քո աշխատանքով»:

Աղ, ալյուր, ջուր բերեցին և հադրութցի Նորա տատիկն անցավ գործի: Նա Հադրութում  աղի բլիթ չի թխել, այդպիսի սովորույթ չեն ունեցել. «Մենք ձու ենք ներկել, տհենց բաներ չենք արել, բայց սովորական խմոր շատ եմ հունցել»:

Երգ ու պարի տակ Նորա տատիկը քնքշորեն շարժելով մատները խմորը հունցեց, ձևավորեց ու տարավ թխելու: Ով գիտի հունցելու ընթացքում ինչ էր մտածում, հիշողություններն ուր տարան նրան,  բայց պատրաստեց սիրով ու ժպիտով  տվեց աղջիկներին:

Սուրբ Սարգսի տոնին աղջիկներն աղի բլիթն ուտելով՝ սպասում են երազում  ջուր տվող ասպետին: Արաքսյան էլ է կերել, բայց ջուր տվող չի եղել.

«Ինձ թվում է դեռ ժամանակը չի: Ասում են, եթե երազում տեսնում ես ջուրը, ջուր տվողին, ապա այդ տարի պետք է ամուսնանաս, եթե չէ ուրեմն՝ դեռ ժամանակը չի»:

Արաքսյայի ժամանակը դեռ  կգա, իսկ Հասմիկի երջանկությամբ շատ են մտահոգված «Մեր Տան» աշխատակիցները: Հասմիկ Գուրջինյանը նրանց առաջին բնակիչներից է, հիմա առանձին է ապրում, դեռ չի ամուսնացել: Հյուր էր եկել: Փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը Հասմիկին է տալիս կիսատ  ասեղնագործված սփռոցը, որը կորել էր մի քանի տարի առաջ: Այն յուրահատուկ խորհուրդ ունի.

«Երևի մի 7 աղջիկ այս սփռոցը գործել է, հետաքրքիր պատահականությամբ ով գործում էր, իր բախտը բացվում էր, ամուսնանում գնում էր: Վերջինը մեր Հասմիկն է գործել, կիսատ մնաց ու սփռոցը կորավ: Այս տարի նոր տարվան գտել ենք: Հիմա Հասմիկը եկել է «Մեր Տունը»՝ մասնակցելու սուրբ Սարգսի տոնին: Հիմա Հասմիկը վերցրեց ու նորից շարունակելու է ասեղնագործել: Նա դեռ չի ամուսնացել, իսկ ասեղը մնացել էր սփռոցի վրա, պետք է ավարտի»:

Հասմիկը շարունակելու է, ինքը հավատացած է, որ այս տարի լավ տարի է լինելու:

Սուրբ Սարգսի ժողովրդական տոնը չի ավարտվում աղի բլիթ ուտելով, պետք է գուշակել, թե ասպետը որ կողմից է գալիս:

Ներկայացնում է Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը. «Անում են նաև փոխիձ, ցորենը բովելուց հետո աղում են, այդ ալյուրը լցնում սկուտեղի վրա  և  երեկոյան դնում պատշգամբում: Գիշերը սուրբ Սարգիսը սպիտակ ձիով անցնում է  սկուտեղի վրայով և թողնում պայտի հետքը: Որ կողմից երևում է պայտի հետքը, այդ կողմից լինելու է ընտրյալը: Այդ օրը պատրաստում են հալվա, եգիպտացորենի հատիկներից պատրաստված աղանդեր»:

Բոված ցորենի ալյուրով  սկուտեղը «Մեր Տան»  աղջիկները դրել էին դրսում, իսկ առավոտյան շտապել նայելու, և միայն Վերոնիկայի ափսեում պայտի փոխարեն  սիրտ էին տեսել:

Back to top button