ԿարևորՀասարակություն

2 անգամ ավելի քրեական գործ՝ «տնտեսական հանցագործների» դեմ

Հարկ վճարելուց խուսափելու, կանխամտածված անվճարունակ ձևանալու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով ՊԵԿ–ը 2020-ին 2 անգամ ավելի շատ քրեական գործ է հարուցել, քան 2019–ին, գումարային առումով, սակայն,  2 տարիներին պետությանը հասցված վնասը գրեթե նույնն է։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն է ներկայացնում․ «2020-ին հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետության պատճառած վնասի չափը կազմել է շուրջ 21 միլիարդ դրամ։ 2020–ին ընդհանուր առմամբ հարուցվել է 367 քրեական գործ, որոնցով հաշվարկված վնասի չափը կազմել է շուրջ 20 միլիարդ 600 միլիոն դրամ»։

Քրեական գործերի նման քանակը՝ նախորդ տարվա համեմատ 70 տոկոս աճը, կարող է լինել ստվերային տնտեսության ծավալների նվազման ցուցիչ։ Մեկնաբանում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը․

«Այն շրջանառությունը, որը կարողանում է պետությունը վերականգնել այդ  քրեական գործերի միջոցով, իհարկե ամբողջությամբ ստվերային տնտեսությունը չի ընդգրկում։ Սակայն, եթե ինտեսիվանում է ստվերային տնտեսության դեմ պայքարը, դա դրդելու է շատերին դեպի հարկ վճարողների դաշտ»։

Հայաստանի տնտեսության մեջ ստվերային հատվածի մասնաբաժնի մասին փորձագիտական գնահատականները տարբեր են։ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ էական առաջընթաց  վերջին տարիներին չի գրանցվել․  ստվերում շարունակում է մնալ տնտեսության մեկ քառորդը։

Պետեկամուտների կոմիտեում ստվերի մասին տոկոսային հարաբերակցությամբ չեն խոսում, բայց գիտեն, թե որտեղ այն փնտրել։   

ՊԵԿ ներկայացուցիչը նշում է՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 8.5 մլրդ դրամ ստվերային շրջանառություն, արդյունքում հաշվարկված հարկերն ավելացել են շուրջ 7 մլն դրամով։ Ի պատասխան «Ռադիոլուրի» հարցին, թե ո՞ր ոլորտներում են ստվերում աշխատելու ռիսկերն ավելի մեծ և ո՞ր ոլորտներում են դրանք գերակշռել, պարզաբանում է․

«Հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում ենք մենք լուրջ ստվեր արձանագրել, բացահայտումները վերաբերում են նաև կառուցապատման ոլորտին, որովհետև գաղտնիք չէ՝ շենքերի կառուցապատմամբ զբաղվող հարկ վճարողները ամենևին էլ հակված չեն գործարքի ամբողջ արժեքը ներկայացնել հարկային մարմիններին, ավելի պարզ՝ բնակարանը օտարում են մեկ գնով, սակայն հարկային մարմին ներկայացնում են մեկ այլ գին»։ 

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ լավ վարչարարությունը նվազեցրել է ռիսկերը խոշոր տնտեսվարողների շրջանում, իսկ անկայությունը հակառակ ազդեցությունն է ունեցել փոքր ու միջին բիզնեսի համար։ Փորձագետը տնտեսական զարգացման ամենակարևոր նախադրյալը համարում է երկարաժամկետ կայունության ապահովումը։

«Պետական ինստիտուտերի երկարատև կայունությունը շատ մեծ դեր է խաղում՝ ինքնին աշխատելով որպես գործոն։ Հայաստանին հիմա կայունություն է պետք, լավ կառավարում, և դա ինքնին արդեն մի քանի տոկոսով նվազեցնելու է ստվերային տնտեսության կշիռը»։

Միևնույն ժամանակ տնտեսագետը նշում է՝  ստվերային տնտեսության դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե այն դիտարկվի որպես արդյունք, ոչ թե որպես նպատակ։ Պետք է ապահովել տնտեսական աճ, կայունություն, լավ կառավարում, և այդ ճանապարհով հասնել ստվերային տնտեսության ծավալների նվազմանը։

Back to top button