ԿարևորՀասարակություն

Տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր են բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51-ամյա բնակիչը, նույն մարզի 44-ամյա բնակչի և 30-ամյա մեկ այլ տղամարդու հետ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2018թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, գտնվել է Երևան քաղաքի տարածքում գործող երթուղային միկրոավտոբուսում, որտեղ պայմանավորվածության համաձայն վերոհիշյալ երկու անձինք շեղելով ուղևորուհու ուշադրությունը և ծածկելով միկրոավտոբուսի մեջ գտնվող մյուս անձանց տեսադաշտը, օժանդակել են 51-ամյա տղամարդուն կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2020թ. հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 51-ամյա և 44-ամյա տղամարդիկ երթուղային ավտոբուսում փորձել են քաղաքացու պայուսակից հափշտակություն կատարել, սակայն ուղևորներից մեկը նկատելով բղավել է, որի հետևանքով 51-ամյա տղամարդը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել հանցագործությունը: Այդ ընթացքում  ավտոբուսում գտնվող մեկ այլ ուղևոր խնդրել է նրանց մի կողմ գնալ, 51-ամյա տղամարդը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով ավտոբուսում գտնվող քաղաքացիների ներկայությունը հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին: Վարորդը տեսնելով ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող ավտոմեքենան, հարկադրաբար կանգնեցրել է ավտոբուսը և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ դադարեցվել է քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերոնշյալ 3 անձինք, 2019-2020թթ. ընթացքում, առանձին-առանձին, երթուղային ավտոբուսում քաղաքացիներից հափշտակել են դրամապանակներ, վերջիններիս պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 1.1 մասով (2 դրվագ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 44-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1.1 մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 1.1 մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button