ԿարևորՀասարակություն

Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը՝ կասկածի տակ

Գրեթե մեկ տարի արդարադատության նախարարությանը կից աշխատած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարման եզրին է։ Հաջորդ  ուրբաթ ծրագրված նիստի ժամանակ ամփոփվելու է մինչ այժմ կատարված աշխատանքը, իսկ շարունակությունը կասկածի տակ է։ Պնդումը մասնագիտական հանձնաժողովում հասարակական հատվածը ներկայացնող, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանինն է։

«Դեկտեմբերին  հարց բարձրացավ հանձնաժողովի գործունեությունը վերսկսելու կամ արդյունքներն ամփոփելու մասին։  Եվ այն ժամանակ հանձնաժողովի բազմաթիվ անդամներ դեմ արտահայտվեցին շարունակելու պրոցեսը։ Ես հիմա չտամ անուններ, կոռեկտ կլինի, որ այդ մարդիկ իրենք իրենց անունից հանդես գան, բայց ես ասեմ, որ փաստարկն այն էր, որ հիմա դրա ժամանակը չէ»։

Իոաննիսյանի ներկայացմամբ՝ նման դիրքորոշում ունեն հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամները։ Հանձնաժողովի  15 հոգանոց կազմում նրանք վեցն են։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում լուրը հաստատեց իրավաբան–գիտնականներից Լևոն Գևորգյանը ՝ նշելով,  որ նման կարծիք հայտնողներից մեկն ինքն է։ Ժամանակի սղության պատճառաբանությամբ՝ դիրքորոշման հիմնավորումները խոստացավ ներկայացնել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Հանձնաժողովի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, որն այս պահին ծանրաբեռնված է հետպատերազմական իրավական խնդիրները ՄԻԵԴ–ում ներկայացնելու գործով, ըստ Իոաննիսյանի՝ հանձնաժողովի աշխատանքների առկախման կողմնակիցներից չէ։

Միայն պատերազմի հետևանքները չեն, որ ժամանակավրեպ են դարձնում սահմանադրական փոփոխությունները։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը շեշտադրում է քաղաքական խնդիրները։   

«Գործընթացն ավելի շատ պայմանավորված է արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով։ Այսինքն՝  հաշվի առնելով արդեն գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը՝  ես կարծում եմ, որ այս գործընթացը շարունակելն արդյունավետ չի լինի այս պայմաններում, և պետք է առկախվի արտահերթ ընտրությունների արդյունքներով»։

Եթե խոսքը քաղաքական անվստահության մասին է, ապա նույն կարգավիճակում է նաև գործող Սահմանադրությունը։ Երկրի կառավարման կարգը փոխած Մայր օրենքի ընդունման հանրաքվեն 2015–ին կրկին կասկածի տակ էր։ Սա հիշեցնում են իրավապաշտպանները։ Արթուր Սաքունցի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումներն, ամեն դեպքում, անհրաժեշտ են։  

 «Դա կուսակցական կառավարման Սահմանադրություն է՝ հանձինս քաղաքական կայուն մեծամասնության այդ դրույթի, որը չէր ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, չէր ապահովում անկախ դատարանի գոյությունը, չէր ապահովում և չի ապահովում հաշվետու և թափանցիկ կառավարումը, չի երաշխավորում մարդու իրավունքները»,- նշում է Սաքունցը։

«Թավշյա հեղափոխությունից» միայն 2 տարի անց՝ 2020–ի փետրվարին, ստեղծվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը։ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու 20-ից ավելի թեմա են քննարկել, բայց հասցրել են քվեարկել և հստակ դիրքորոշում հայտնել միայն մեկի վերաբերյալ։

Փակագծերը բացում է Դանիել Իոաննիսյանը․ «Կա արված բովանդակային աշխատանք, որը արժե ամփոփել, դա կա։ Միանգամից ասեմ, որ թեմաներից մեկն էր, որ հասել էր քվեարկության, դա Գերագույն դատարանի ստեղծման թեման էր։ Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված հարց էր, որը քննարկվել էր ու չէր քվեարկվել, ընտրական համակարգի և կառավարության ձևավորման հետ կապված հարցերն էին, որոնք ևս քննարկվեցին, բայց չեն քվեարկվել, հանրային իշխանության մարմինների փոխադարձ հարգանքի, այսպես կոչված, ինստիտուտի հետ կապված հարցն էր, որը ևս քննարկվեց և չքվեարկվեց»։

Ընդամենը մի քանի օր առաջ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, որը նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից է, «Ռադիոլուր»-ին փոխանցել էր, որ այս փուլում չխոսելու ընդհանուր որոշում ունեն։

Մասնագիտական հանձնաժողովի առաջին փակ նիստից հետո՝ 2020 թվականի փետրվարի 21-ին, հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը լրագրողներին ասել էր, որ  քննարկելու են Սահմանադրության ամբողջ տեքստը՝ առաջին գլխից մինչև վերջինը:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը ենթադրում էր, որ դրա ձևավորումից հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվեր հանրային քննարկման և կներկայացվեր վարչապետի աշխատակազմին։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի մեկը, ըստ որոշման, պետք է պատրաստ լիներ փոփոխությունների նախագիծը:

Back to top button