ԿարևորՏնտեսական

Հարկային փոփոխության առաջարկներ՝ բիզնեսի բեռը թեթևացնելու համար

Պետական եկամուտների կոմիտեն հարկային փոփոխություններ է առաջարկում, որոնց նպատակը բիզնեսին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ունենալու հնարավորություն տալն է։ Փոփոխություններն առնչվում են ավելացված արժեքի հարկի վերադարձի մեխանիզմներին  ու շահութահարկի դրույքաչափերին։ Առաջարկները գործատուների հանրապետական միությունում դրական են գնահատում,  կարծում են՝ դրանք կթեթևացնեն համավարակից ու պատերազմից տուժած բիզնեսի բեռը։

Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում համավարակից  ու պատերազմից հետո   փորձում է շտկել մեջքը։ ՊԵԿ-ում որոշել են աջակցել ու հարկային նոր առաջարկներ ներկայացնել։ Հարկ վճարողներն   առաջին անգամ շահութահարկը  նոր` ավելի ցածր դրույքաչափով են վճարելու:

ՊԵԿ նախագահ Էդվարդ  Հովհաննիսյան. «Ապրիլի 20-ից բիզնեսը   հաշվետվություն ներկայացնելիս պետք է 20 տոկոս շահութահարկ վճարելու փոխարեն վճարի 18 տոկոս»։  

ՊԵԿ–ում կարծում են, որ սա բիզնեսին հնարավորություն կտա ազատ միջոցներ  ունենալ և դրանք  տնօրինել՝ ընկերության առաջնահերթություններից ելնելով:  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեցնում է՝ հարկային փոփոխությունները նախապատմություն ունեն․ երկու տարի առաջ, երբ  որոշվեց  եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնել, նպատակ կար  նաև թեթևացնել շահութահարկով աշխատողների հարկային բեռը։ 

«Եթե ընկերությունը շահույթ է ցույց տալիս, ապա պետք է շահութահարկ վճարի։ Սկզբունքորեն որևէ մեկը շահութահարկից ազատված չէ։ Շահութահարկի փոփոխությունը հնարավորություն է տալիս ընկերություններին ռեզերվ կուտակել, եթե իհարկե այլ բարձրացումներ չեն նախատեսում»,- ասում է Գագիկ Մակարյանը։

Մակարյանն ակնարկում է շրջանառության հարկի նվազեցման շեմը փոխելու մասին  քննարկումները։

Ֆիննախի մեկ այլ առաջարկով ՝ նախատեսվում է 115 մլն դրամ շրջանառության շեմը նվազեցնել, թե որքան, դեռ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը չի հստակեցնում.

«Շրջանառության հարկի համակարգը հեռանկարում ցանկանում ենք տեսնել  որպես հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք, քանի որ այն չպետք է լինի արտոնություն, քանի որ միկրոձեռնարկատիրությունն արդեն արտոնյալ դաշտում է»։

Անցյալ տարի  հազար խոշոր հարկատուները մոտ 40 մլրդ դրամով պակաս  շահութահարկ են վճարել՝  2019–ին 170 մլրդ դրամ, 2020–ին՝  130 մլրդ դրամ։

ՊԵԿ–ում առաջարկում են նաև ավելացված արժեքի հարկի գումարները բիզնեսին վերադարձնել նոր մեխանիզմով։ Այժմ  ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկվում է վերադարձնել  յուրաքանչյուր ամիս:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն է մանրամասնում․«Կարծում ենք, որ սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար՝ ապրանքաշրջանառությունն ու լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, ավելի բարենպաստ միջավայրում գործելու համար»։

Գագիկ Մակարյանը մոտեցումը դրական է գնահատում։ Արձանագրում է՝ այս դեպքում էլ բիզնեսն ավելի շատ ազատ միջոցներ կուտակելու հնարավորություն կունենա։ 

Ընտանիքի ծախսերի օրինակով է բացատրում. «Պատկերացրեք՝ ընտանիք եք  պահում, ու եկամուտը ստանում եք երեք ամիսը մեկ։ Մինչև երեք ամիսը գալիս է, ծախսերը կուտակվում են։ Եթե անգամ երեք ամիս հետո դուք ավելի մեծ գումար եք ստանում, միևնույնն է, ծախսերն ավելի մեծ են լինում։ Գումարը ծախսվում է միանգամից, քանի որ պարտավորություններն ավելի շատ են լինում։ Ուստի դա ողջունելի է բիզնեսի համար, լավ կողմ է»։

Ընդհանուր առմամբ, բիզնեսն այս պահին բազմաթիվ խնդիրներ ունի՝ ասում է  Մակարյանն ու եզրափակում՝ պետք են շարունակական քայլեր  բիզնեսի աջակցելու համար։

Back to top button