ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս հաղթահարել տնտեսական երկակի շոկը․ հայ եւ ռուս մասնագետների դիտարկումները

Հայաստանն անցյալ տարի տնտեսական երկակի շոկ է ապրել ՝ քովիդից և պատերազմից․այս զարգացումներին տեղյակ է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի սեկտորի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու Արտյոմ Պիլինը։ Ընդ որում՝ այս տարվա տնտեսական կանխատեսումներն էլ առանձնապես հուսադրող չեն․ ավելին, միջազգային տնտնեսական միտումներն էլ նկատի առնելով՝ կանխատեսվում է նույնիսկ ՀՆԱ-ի մոտ 8 տոկոսի անկում։  Կանխատեսումն ավելի բացասական է դարձել պատերազմից հետո։

 «Անպայման անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը Հայաստանի տնտեսության դեվերսիֆիկացիային, առաջին հերթին ուղիղ արտասհամանյան ներդրողների է պետք գրավել, իհարկե, դա բավականին դժվար կլինի անել, քանի դեռ հիմա ամբողջ իրավիճակը կայուն չէ, ուղիղ ներդրումների ներգրավումը ավելի է դժվարանում»,–նշում է Արտյոմ Պիլինը։


Տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կիսում է կարծիքը՝ ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ատադրության խթանումը պետք է դառնա ռազմավարություն։ Հայաստանում տնտեսական և ներքին քաղաքական դրությունը դրական կանխատեսումների հուսադրող ազդանշաններ չի տալիս, բայց հնարավոր սցենարները միայն բացասական չեն։ Մանասերյանը տնտեսական զարգացման 3 հնարավոր սցենար է տեսնում։

«Պլան Ա–ն դա այն է, որ իրավիճակը կարգավորվում է, և մեզ կհաջողվի տարվա կեսին հասնել այն աճին, որը մեզ հնարավորություն կտա գոնե  դրական 2–3 տոկոսի միջակայքում զարգացնել տնտեսությունը և ունենալ ՀՆԱ–ի աճ։ Պլան Բ՝ եթե շարունակվի այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է, այդ դեպքում մենք կարող են սպասել կամ զրոյական աճի, կամ նույնիսկ մինուսի»,–ասում է Մանասերյանը։

Իսկ պլան Գ–ն կապվում է տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ընդլայման հետ, սակայն սա բացառապես այն դեպքում, եթե եռակողմ պայմանավորվածություններն լիոարժեք իրականացվեն եւ բացառվեն անվտանգային ռիսկերը։  Մինչդեռ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը լուրջ վերապահումով է մոտենում ցամաքային հաղորդակցություն սկսելու հարցին, քանի որ հակառակորդի պահվածքը լավատեսություն չի ներշնչում։ Տնտեսական հարցերը քաղաքական հիմք ունեն․ նախ այն առումով, որ Ադրբեջանը գերիներին ահաբեկիչներ է հայտարարել։

Թավադյանն իր հերթին է առանձնացնում Հայաստանի տնտեսական զարգացման մի քանի կարևոր խնդիր՝ մշակել էներգառեսուրսների գների հստակ մեխանիզմ՝ նախ գազի գնի մասով, ֆինանսավարկային քաղաքականությամբ լուծել  ազգային դրամի տատանումների հարցը, ապա՝ առաջնահերթորեն ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության կոնկրետ ծրագիր մշակել։

«Այս խնդիրները մնում են, միևնույն ժամանակ մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ–ն չի մնա իրավիճակին կողքից հետևողի դերում, ինչ–որ փոքր ծրագիր ընդունվի իրավիճակը Հայաստանում հավասարակշռելու համար»,–հավելում է Թավադյանը։

Թավադյանի համոզմամբ՝ մեզ կոնկրետ ներդրումային ծրագրեր են պետք, բայց մինչ այդ պետք է հստակ ձեւակերպել ներդրումների կատարմանը խանգարող խնդիրները՝ հաղթահարելու անցյալ տարի սկսված ու այս տարի շարունակվող տնտեսական շոկերը։

Back to top button