Հրամանը՝ ապրել

11 օրում 14 անգամ եղել եմ Ստեփանակերտում. պատերազմը կամավոր Աննայի աչքերով․ «Հրամանը՝ ապրել»

Շտապօգնության մեքենայից դեղերի պայուսակը հանելիս մի քանի մետր այն կողմ արկի պայթյունի ձայն եկավ, հետո հիշում եմ ինձ՝ դեղերի պայուսակն ամուր պահած ձեռքումս և մի մոխրագույն նապաստակ, որ հասցրել էր փախչել ապաստարան:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աշխատակցուհի Աննա Հովհաննիսյանը պատերազմի օրերին կամավորագրվել էր որպես զինվորական, սակայն բոլոր փուլերը հաղթահարելու ավարտը համընկավ պատերազմի ավարտի հետ:

Աննան տասնմեկ օրվա ընթացքում տասնչորս անգամ մեկնեց Ստեփանակերտ՝ որպես բուժքույր: Առաջին օրը, շտապօգնության մեքենայից դուրս գալուց հետո քսան րոպե պատին հենված է մնացել՝ սարսափով հետևելով Ստեփանակերտի անցուդարձին:

Նա հիշում է, որ մի անգամ, երբ ապաստարանում օգնության կարիք կար, բժիշկը նրան խնդրել է գնալ ու դրսում կայանված շտապօգնության մեքենայից դեղեր բերել:

Հասնելուն պես՝ մի քանի մետր հեռավորության վրա արկերի պայթյուն է լսվել: Աննան միայն մի տեսարան է մտաբերում. դեղերի տոպրակը ձեռքում ամուր պահած, վախեցած:

Միայն ապաստարանում հայտնվելուց հետո է նկատել, որ իր հետ փրկվել է նաև մի մոխրագույն, փամփլիկ նապաստակ:

Back to top button