ԿարևորՀասարակություն

Վաղվա բանակի այսօրվա անելիքները. Վովա Վարդանով

«Ռադիոլուրի» զրուցակցին հանրությունը հաճախ ընկալում է որպես «խորհրդավոր» մարդու։ Բարձրահասակ է, հայացքում՝ մտահոգություն, ինչն ինքը հոգնածությամբ է բացատրում։ Հագուստը զինվորական ոճի է, ու սա քննարկման թեմա է դառնում․ վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ, իր ձևակերպմամբ, «մարդավարի», նկատի ունի՝ քաղաքացիական հագուստ, որդու հարսանիքին է հագել։ Հարսանիքն էլ սեպտեմբերի 26-ին էր, դեռ այդ անցուդարձի մեջ՝ վաղ առավոտյան տեղեկացավ պատերազմի մասին։ Մյուս որդու հետ հենց այդ ուղղությամբ շտապեցին։ Զրուցակիցս Արցախյան ազատամարտի վետերան, Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, ՈՄԱ հասարակական- ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովն է։ Նախ կատակում է՝

«Արթնացա ու մտածում էի՝ ոնց անեմ, որ ձեր մոտից չուշանամ»։

Կատակից հետո ավելացնում է, որ այսօր նախ հիշել է՝ 96–ի, ինչպես ինքն է ասում, հաղթական շքերթը։ Վովա Վարդանովին ադրբեջանական լրատվականներում երբեմն ներկայացնում են իբրև ահաբեկչի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անգամ շտապել է քրեական գործ հարուցել «ահաբեկչական խմբավորման» դեմ։ «Ողջ մնալու արվեստը» իրականում նորաստեղծ կազմակերպություն չէ, և, առավել ևս, չի գործում Արցախում։ Ստեղծվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից՝ Հայաստանում։ Մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից, նպատակը՝  ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։ Կենտրոնը այժմ ամեն օր մարտական պատրաստության դասընթացներ է անցկացնում կամավորների և աշխարհազորայինների համար։ Ուսուցանվում են նաև առաջին բուժօգնության անհրաժեշտ հմտություններ։

Վարդանովի հետ զրուցելու առիթը օրվա հրամայականն է՝ Հայոց բանակի տոնն է։

«Մենք նախ պիտի հասկանանք՝ ինչ է բանակը պիտի հասկանանք, որ բանակը մեր գործիքներից մեկն է արտաքին աշխարհի հետ շփվելու համար։ Դրանով պիտի շփվենք, երբ դիվանագիտությունը չի օգնում։ Երբ մենք սա հասկականք և հասկանանք, որ առանց դրա անհնար է,արդեն կմտածենք ճիշտ բանակ կառուցելու մասին»,– ասում է Վովա Վարդանովը։

Ասելիքը շատ է, բազմաշերտ։ Փորձում ենք մի քանի րոպեում ամփոփել։ Զենքի արդիականացում, մարդկային ռեսուրսի ճիշտ կառավարում, ռիսկերի ճշգրիտ գնահատում և գրագետ մարտավարություն․ վաղվա բանակի այսօրվա անելիքներն է թվարկում Վովա Վարդանովը։ Մոդայիկ բառերի փոխարեն սա է պետք, ու դրա համար շատ գումար պետք չէ՝ շեշտում է Վովա Վարդանովը։ Ոչ թե մեծ ձուլարաններ, գործարաններ, այլ, օրինակ, բազմաթիվ փոքր ինժեներական արտադրություններ, իսկ մենք ունենք դրա հնարավորությունը, քանի որ դա մարդկային ռեսուրսի վրա է հիմնված։

«Գործարանները մեծ փողեր են,  իսկ մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործել, ճիշտ կոորդինացնել մենք կարող ենք։ Սրանից հետո միայն մենք իսկապես կարող ենք խելացի ազգ լինել, ոչ թե ուղղակի մեր մասին այդպես ասել, այլ գործով ապացուցել, որովհետև մենք փոքր փողով կանենք մեծ գործեր»,– պարզաբանում է ազատամարտիկը։

Ողջ մնալու արվե՞ստը․ հարցնում եմ՝ ինչո՞ւ հենց արվեստ ու ինչու հենց ողջ մնալու։ Բացատրում է․

«Մենք պիտի մեր կենսաապահովումն այն մակարդակի վրա պահենք, որ մոտ լինի արվեստին, ոչ թե արհեստին»։

Վարդանովի խորհուրդը պարտադրանքի ուժ ունի․ պետք է օր առաջ արտադրենք այն ամենը, ինչը կապահովի մեր անվտանգությունը։ Հայրենասիրությունը հենց սրանից է սկսվում։

«Ի դեպ՝ հայրենասիրությունը միայն մարտի դաշտ դուրս գալը չէ։ Հայրենասիրությունը նաև հայերին սիրելն է։ Ուղղակի մարդ եղիր ու կլինես հայրենասեր»։

Եթերային ժամանակը սահմանափակ է․  հիմնական ասելիքը՝ գործել է պետք, որպեսզի իրատեսական դառնա մաղթանքը․

«Հաղթող խաղաղություն հաղթող բանակ ունենանք, հայե՛ր, ունենանք հոգևոր արժեքներով զինվորներ։ Հաղթանակած խաղաղություն կերտողներ եղե՛ք տղեք, եղե՛ք անփորձանք ու խելացի, իսկ ամենակարևորը անփորձանք վերադարձեք տուն»,– եզրափակում է Վովա Վարդանովը։

Back to top button