ԿարևորՀասարակություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցում է տրամադրել 1527 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին, ու նաև խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը կամ առողջությունն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,- ասված է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: 

Հիմնադրամը տեղեկացնում է նաև, որ ցայսօր հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք: Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

«Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին:

Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»,- նշված է հաղորդագրությունում ։

Back to top button