ԿարևորՀասարակություն

Երդում՝ Հիպոկրատին ու հայրենիքին

Նրանք երկու երդում տվեցին՝ Հիպոկրատին ու հայրենիքին։ Նրանցից շատերը հավատարիմ մնացին երկուսին էլ, միաժամանակ․ փրկեցին կյանքեր ու կյանքը տվեցին հայրենիքին։ Երկու առաքելություն, երկու երդում, երկու համազգեստ․

«Հենց էդ երկու համազգեստը պատիվ եմ ունեցել կրել պատերազմի ընթացքում, երբ ես բժշկական ֆորմայով էի, սաղավարտով ու ավտոմատով։ Դա անբացատրելի զգացում է, դու քեզ զգում ես կիսաաստված, երբ գիտես, որ Աստված էդ պահին գործում է հենց քո միջոցով, ու մի քանի օր հետո մի քանի ընտանիքում խինդ է լինելու, ուրախություն, որ իրենց զինվորը ողջ է, ու դրա «պատճառը» դու ես»։

Բժշկանական համալսարանի Ռազմաբժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանն է։ Պետությունն իրեն «Արիության համար» մեդալ տվեց, ինքը հայրենիքին՝ զինվորական ու բժշկական իր բոլոր հմտությունները։ Նաև ամենամտերիմ ընկերոջը՝ Ազատ Զաքարյանին, ով ևս ռազմական բժիշկ էր։

Երկու ընկերների մեջ ամենաքննարկված հարցը մեկն է եղել․ եթե պատերազմ սկսվի ու անհրաժեշտ լինի օգնել թշնամու վիրավոր զինվորին, ի՞նչ կանեն։ Երկուսի պատասխանն էլ միանշանակ է եղել՝ օգնել․

«Պատերազմի ընթացքում մի քանի անգամ «բախտ վիճակվեց» բուժօգնություն ցուցաբերել հակառակորդի վիրավորի զինվորին, էդ ժամանակ մտքումս միայն մի բան էր՝ Ազատը եթե վերևից տեսնի, ի՞նչ կմտածի, ես ճի՞շտ եմ անում, թե՞ չէ։ Ու հասկանալով, որ ինքն էլ նույնը կաներ, ես ոգևորված օգնում էի։ Ճիշտ է, մեծ ցավով։ Երբ տեսնում ես, որ նույն զինվորը մի ժամ առաջ սպանում էր քո ընկերոջը, սպանում էր քո եղբորը, ու դու պետք է  գիտակցական այնպիսի բարձր մակարդակ ունենաս, որ կարողանաս հաղթահարել վրեժը ու օգնել թեկուզ հակառակորդին»։

Թշնամու կողմից նման վերաբերմունք մենք չենք ստացել։ Ամեն ինչ հակառակն էր՝ թիրախավորվող հիվանդանոցներ, բուժհաստատություններ, անգամ ծննդատուն։

Նիկոլայի հետ այս մասին խոսում ենք հենց Բժշկական համալսարանում։  Միջանցքը մարդաշատ է, գերակշռող գույները՝ սպիտակն ու դարչնագույնը։ Զինվորներ, բժիշկներ, ծնողներ ու հարազատներ հավաքվել են հիշելու այլ զինվորների կյանքեր փրկելով, հանուն հայրենիքի իրենց կյանքը տված ուսանողներին։

Համալսարանում բացվեց մերօրյա հերոսներին նվիրված հուշատախտակ՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» գրառմամբ ։

29 անուն այսուհետ նորաբաց լսարանի միջանցքում է՝ բոլորին կռվի ու կյանքի մասին հիշեցնելու առաքելությամբ։ Հուշարձանի կողքին պարկուճներից ու թնդանոթի փողերից՝ ծաղկամաններ,  դրանց մեջ՝ ծաղիկներ։ ․Զենքը չի դադարեցնելու կյանքը։

«Տղաների գործը մենք շարունակելու ենք,  մեզանից հետո էլ նոր սերունդն է շարունակելու։ Սա հերթական փորձություն էր, որը մեզ պետք է ավելի ուժեղացնի։ Փառք տղաներին, նրանք մեզ հետ կապրեն, էս անունները մեր հետ ապրում են, ամենուր՝ ուսումնական գործընթացքում, ընտանիքում, փողոցում»։ 

Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բուժծառայության փոխգնդապետ Կամո Շաբոյանն է։ Իսկ Վարդան Ծատուրյանը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարը, ցավով ու ավելի շատ հպարտությամբ է խոսում՝ բժիշկներն արել են հնարավոր ամենը․

«Բուժծառայությունը բաց երեսով դուրս եկավ այս իրավիճակից, զորամասային բուժծառայությունը կադրային խնդիրներ ընդհանրապես չունեցավ, և լիովին պատրաստ էր պատերազմին։ Բժիշկների կորիզը կազմում էին հենց ռազմաբժշկական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտները, և ի պատիվ իրենց՝ մենք այսօր ունենք շարք վերադարձած բազմաթիվ զինվորներ»։

Հերոսների անունով կոչված լսարանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հիշում է իր ուսանողին․ բոլորին, նրանց, ովքեր չեկան, նրանց, ովքեր շարունակելու են գործել հանուն կյանքի ու հայրենիքի։

Back to top button