ԿարևորՀասարակություն

Բուհերն ավելի քաղաքականացվա՞ծ, թե՞ ավելի ինքնավար

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կառավարության  դեկտեմբերի 3-ի որոշմամբ համարվել էր անհետաձգելի և ուղարկվել խորհրդարան, առայժմ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել։ Հեղինակի առաջարկությամբ դրա քննարկումը հետաձգել է մինչև երկու ամիս ժամկետով։ Պատճառը  լրամշակման անհրաժեշտությունն է։ Խորհրդարանի ոլորտային  հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել զերծ մնալ ավելորդ շտապողականությունից։

Մայր բուհում շարունակում են պնդել, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը խնդրահարույց  բազմաթիվ կետեր ունի։ Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունները և ինքնակառավարման հնարավորությունները սահմանափակող դրույթներ, որոնք հանգեցնելու են բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը՝ ահազանգում են մասնագետները։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Արսեն Թավադյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչու է նման օրենք ընդունելու անհրաժեշտություն առաջացել։

«Իրականում հասկանալի չէ, թե ինչու է այս օրենքն ընդունվում։ Նման խոշորածավալ փոփոխություններ իրականացնելուց առաջ պետք է ունենանք շատ լուրջ ռազմավարություն, շատ լուրջ հայեցակարգ»։

Նախագծով վերացվում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը, և ներդրվում է միայն դոկտորի գիտական աստիճանը, ընդ որում՝ որպես բարձրագույն կրթության երրորդ մակարդակ։ Բացի այդ՝ նախագծով վերանայվում է նաև ԳԱԱ–ի կարգավիճակը։

«Կառավարման տեսակետից մենք ակադեմիայի կարգավիճակն ու կառավարման մոդելը փոխում ենք։ Ակադեմիան դարձնում ենք անհասկանալի մարմին։ Գիտական ինստիտուտներն անկախացնում ենք, բայց  հասկանալի չէ, թե ինչու»։

Ըստ Արսեն Թավադյանի՝ նախագիծը խնդրահարույց է նաև բուհերի ինքնավարության ապահովման տեսանկյունից։

«Բուհերը կդառնան էլ ավելի քաղաքականացված, էլ ավելի պետությանը ենթակա, ընդունելության կարգն է փոխվում, հանրային բուհերը դառնում են էլ ավելի քիչ մրցունակ։ Օրենքը չունի հիմնավորում, չունի ճանապարհային քարտեզ, բավականին անգրագետ իրավաբանական լեզվով է կազմված և առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ»։

Նախագծով առաջարկվող  դրական փոփոխությունների մասին  խոսում է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Առկա և հեռակա կրթության ներկա տարբերակումները այլևս չեն լինելու։ Նոր նախագծով ուսանողին հնարավորություն է տրվում նախատեսված բեռնվածության 50 տոկոսի չափով սովորել։ Այսինքն՝ այդ ամբողջ նյութը ավելի երկար ժամանակահատվածում կարող է սովորել։ Այս դեպքում չի տուժի ուսման որակը։ Այս տեսանկյունից նախագիծը դրական միտում ունի»։

Մենուա Սողոմոնյանը ևս խոսում  է բուհերի ինքնավարությանը սպառնացող  ռիսկերի մասին։ Դրանք նախագծում տեսել էր  նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Օրինագծի վերաբերյալ ներկայացրած դիրքորոշման մեջ Արման Թաթոյանը ընդգծել էր առաջարկվող այն փոփոխությունը, ըստ որի՝ բուհերի ռեկտորները բուհի կառավարման խորհրդի կողմից  ընտրվելու փոխարեն կնշանակվեն նախարարի կողմից։ ՄԻՊ–ի  կարծիքով՝ բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակին: Նախարարությունում այս տեսակետը չեն կիսում։ Նախագծին վերաբերող հիմնական մտահոգությանը ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հակադարձում է․

«Պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, բայց դա որևէ կերպ չի խաթարում գոյություն ունեցող ակադեմիական ազատություններին։ Այսինքն, պետությունը չի կարող միջամտել բուն ակադեմիական պրոցեսին, ինչը, ցավոք սրտի, մենք հիմա տեսնում ենք ամեն քայլափոխին տարիներ շարունակ ընտրված ռեկտորների պարագայում»։

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ թվարկում է նախագծի այն  դրույթները, որոնք  քայլ առ քայլ տանելու են դեպի ակադեմիական ու բուհական ինքնավարություն։

«Կան մի շարք ուղեցույցներ, որոնցով գնահատվում է բուհերի ինքնավարությունը։ Ցուցիչներից մեկը ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու իրավասությունն է։ Արդյո՞ք այս օրենքը հնարավորություն տալիս է դա անելու՝ այո։ Ուսանողներին ընտրելու իրավունք բուհը ունի՞, թե՞ ոչ․․․ Այս նախագծով այդ հնարավորությունը ևս տրվում է բուհերին»։

Կառավարությունը թեև նախագիծը համարել էր անհետաձգելի ու ուղարկել խորհրդարան, բայց քննարկումը որոշվել է հետաձգել՝ լրամշակելու հիմնավորմամբ։Թե ինչ կտա քննարկման հետաձգումը, շահագրգիռ կողմերը կարող են միայն ենթադրություններ անել՝ հույս ունենալով, որ այն կվերանայվի և հաշվի կառնվեն բոլոր մտահոգությունները։ Արդյո՞ք այն իսկապես կվերանայվի, «Ռադիոլուրը» հետաքրքրվեց հենց գերատեսչությունից։ Նախարարությունից միայն հայտնեցին, որ նախագիծը խորհրդարանում է, և նոր ասելիք գերատեսչությունն այս պահին չունի։

Back to top button