ԿարևորՔաղաքական

Բանակցություններից առաջ․ Հայաստանի նոր դիրքավորումն ու Ադրբեջանի հայախոս բանագնացը

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը քննարկելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները կհանդիպեն երկու օրից  Մոսկվայում: Այս հանդիպումը հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։

Նախատեսվում է, որ կկազմվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված աշխատանքների ցանկ, կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր, և մինչև մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին կներկայացվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով փոխադրումների իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ցանկն ու ժամանակացույցը։

Բանակցություններից առաջ պաշտոնական Հայաստանը խոսում է այն հիմնական խոչընդոտի մասին, որը կարող է հարցականի տակ դնել այդ ծրագրերի իրականացումը։

Օրը նշանակված է առանց օրակարգի։ Մոսկովյան եռակողմ հանդիպմանը մնացել է երկու օր, բայց թե ինչի մասին են բանակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը,  դեռ հստակ չէ։ Հայտնի է միայն՝ քննարկելու է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների կառուցումը։  

«Կհանդիպենք՝ կտեսնենք։ Կարծում եմ, օրակարգի ձևավորման համար նախ՝ պետք է հանդիպումը լինի։ Այս պահին մենք հունվարի 11–ի օրակարգի,  մասնավորապես,  օրակարգի 4–րդ կետի շրջանակում ենք լինելու։ Բարդ աշխատանք է։ Շատ–շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բազմաթիվ բաղադիչներ կան այդ հարցի հետ կապված, այդ թվում՝ անվտանգությունը և նախ և առաջ՝ անվտանգությունը։ Վստահ եմ, որ խնդրի լուծման համար բոլոր այդ բազմաթիվ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որ իրոք կաշխատի»,-ասաց Հայաստանի կողմից աշխատանքային խումբը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա բանակցելու է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ։ Ուշագրավ է, որ այս գործի համար Ադրբեջանն ընտրել է մի բանագնացի, որը լավ տիրապետում է հայերենին, ավելին՝ ծնվել և սովորել է Հայաստանում, Նոյեմբերյանից է, ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը։

Եռակողմ հանդիպման օրակարգը թեև դեռ հստակ չէ, բայց Հայաստանը հստակ ասելիք ունի․ կա նախապայման, որի դեպքում ծրագրերը կաշխատեն։ Դրա համար անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտ, իսկ առանց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի՝ համագործակցության այդ մակարդակի հասնել հնարավոր չէ։

Այս ուղերձը հանդիպումից առաջ հստակ ներկայացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը․

«Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար։ Վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Մեր գծով, եթե ուշադիր հետևել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է և հուսով եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում։ Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ։ Կարծում եմ՝ բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»։

Մինչ մոսկովյան հանդիպումները կկայանան, ստրասբուրգյան հանդիպումներում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդիրը։

Պատվիրակությքան անդամ Վլադիմիր Վարդանյանը շեշտել է Ժնևյան կոնվենցիաների կատարման պարտադիր բնույթը, որոնք պարտադիր են նաև Ադրբեջանի համար։ Վկայակոչել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից բազմիցս բարձրացրած սահմանումը, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։ ԵԽԽՎ լիագումար նիստում Վարդանյանը հորդորել է Ադրբեջանին լինել պատասխանտու և կատարել միջազգային պարտավորությունները։

Բացի դիվանագիտական հարթակներից՝ հայ գերիներին տուն վերադարձնելու խնդրով չի բացառվում զբաղվի նաև Հռոմի պապը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գագերին երկրորդը չի բացառում, որ կհայցեն նրա միջնորդական օգնությունը։

«Մենք ահռելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին։ Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում»։

Վերադառնալով եռակողմ առաջիկա բանակցություններին և ճանապարհային խնդիրներին՝ կարելի է արձանագրել, որ թեմայի շուրջ ավելի շատ տեղեկատվություն կա ռուսական մամուլում։ Օրինակ՝ РБК ալիքի փոխանցմամբ, հունվարի 30–ին փոխվարչապետերը քննարկելու են մի քանի նախագծեր, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող ու Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու կառուցումը, որի միջոցով, իր հերթին, Հայաստանը կկարողանա կապվել Ռուսաստանի հետ։ Ադրբեջանն իր տարածքում արդեն իսկ սկսել է երկաթուղու կառուցումը։

Ուշագրավ են նաև ռուսական կողմի հնարավորությունները։ 2008 թվականին Հայաստանի երկաթուղային համակարգը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ամբողջովին պետական Российские железные дороги ընկերությանը՝ այդ ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդպես ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Back to top button