ԿարևորՀասարակություն

Առավելագույնը՝ բանակին․ ինչպես պատրաստվել անհպում պատերազմի

Բանակի վերափոխման հարցում պետությունը պետք է հրաժարվի  հայկական հայտնի՝ «ոտքերը վերմակի չափով մեկնելու» ասացվածքից, ու փորձի «ավելին պարզել ու վերմակն ավելի երկար կարել»․ «Հայոց հզոր բանակ» ծրագրի նախաձեռնող, վերլուծաբան-փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ 2-3 տարում բանակն արմատապես վերափոխելու բոլոր նախադրյալները կան։

«Եթե մենք միասնական լինենք՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, ապա 2-3 տարում հաստատ կունենանք այդ բանակը։ Դրա բոլոր հիմքերը կան, այնպես չէ, որ սրանք ամպագոռգոռ բառեր են։ Պետությունը պետք է որդեգրի մի քաղաքականություն, որ բանակի հարցում հայկական հայտնի՝ «ոտքերը վերմակի չափով մեկնելու» ասացվածքը չգործի, այլ գործի «ավելին պարզելու  և վերմակը ավելի երկար կարելու» մոտեցումը։ Պետք է ավելի բարդ խնդիրներ դնել եւ այդ խնդիրների լուծման ու տեխնոլոգիաների ներդրման համար ֆինանսական հոսքեր գտնել։ Իսկ ֆինանսական հոսքեր անպայման կգտնվեն, եւ դա արդեն կախված է իշխանության, կառավարության գործողություններից եւ ընդունակություններից»։    

Հանուն երկրի ներսում առավելագույն համախմբման անհրաժեշտություն տեսնում է նաեւ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Նա կարծում է, որ առաջնային խնդիր է ռազմական դոկտրինն ամբողջությամբ փոխելը՝ համապատասխանեցնելով 5-րդ սերնդի անհպում պատերազմների պահանջներին։ Այս նպատակին պետք է ուղղել  համահայկական ողջ ներուժը,  առաջին հերթին՝մտավոր ։    

«Պետք է քայլեր արվեն՝ «թվային մարտի դաշտին» պատրաստվելու  համար։ Հայաստանը ունի 5 տարի՝ զինված ուժերը վերականգնելու համար։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե 5 տարի հետո խաղաղապահները գնացին,  հաջորդ պատերազմն է սկսվելու։ Ողջ հասարակությունը՝ իշխանություն-ընդդիմություն, պետք է համախմբվի, որպեսզի առավելագույն բոլոր ռեսուրսները ներդրվեն՝ հնարավորինս արագ  նոր շնչառություն հաղորդելու»։    

Կարեն Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ զուգահեռաբար կառուցվածքային փոփոխություններ է հարկավոր իրականացնել մեր զինված ուժերում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է սպառազինությունից ոչ պակաս կարեւորել ռազմական վերլուծական կենտրոնների ստեղծումը։

«Այդ վերլուծական կենտրոնները ոչ թե պետք է լինեն մեր պատկերացրած կենտրոնները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ում, այլ պետք է իսկապես լինեն այն կենտրոնները, որոնք առնվազն մի քանի ամիս առաջ կարող են կանխատեսել սպասվող պատերազմը ,  կարող են տրամադրել տեղեկություններ՝ թշնամու զինտեխնիկայի,  ակնկալվող կամ  վարվող պատերազմի ձեւաչափի մասին»։  

Այս օրերին խոսվում է նաեւ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին։ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալն իրականում խիստ անհրաժեշտություն է, ինչը հաստատեց  վերջին պատերազմը։

«Եթե մենք ասում ենք պրոֆեսիոնալ բանակ, ապա անպայմանորեն նկատի ունենք, որ ռազմական յուրաքանչյուր  մասնագիտությամբ մենք պատրաստում ենք կոնկրետ մասնագետներ, եւ այդ մասնագետները սպասարկում են տվյալ զինտեխնիկան։ Ես կողմնակից եմ պրոֆեսիոնալ բանակ ունենալուն, բայց միաժամանակ պետք է գիտակցենք, որ պրոֆեսիոնալ բանակն էլ ունի իր «մարտահրավերները», այսինքն՝ բարոյահոգեբանական կարգավիճակ, որին պետք է կարողանանք հասնել»։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը նույնպես կադրերի պատրաստման խնդրն առաջնային է համարում, հատկապես՝ ոչ կոնտակտային պատերազմներ վարելու ուղղությամբ։

Ռազմական փորձագետը կարծում է, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի փորձն ուսումնասիրել, քանի որ անհպում պատերազմների կոնցեպտը ստեղծվել է հենց այդ կառույցում։

Back to top button