ԿարևորՔաղաքական

Ֆրանսիացի դիվանագետն ընդգծում է Մինսկի խմբի կարևորությունը

Մինսկի խմբի աշխատանքը կարևոր է նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ չգտած հարցերի քննարկման  համար՝  այսօր Երևանում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Երկօրյա  աշխատանքային այցով Հայաստան ժամանած դիվանագետն այսօր եղել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակում։

Կարեւոր է, որ նոյեմբերի 9-ի համաձայնության դրույթները պահպանվեն եւ հարգվեն՝ ասել է  Ժան Բատիստ Լըմուանը՝ արձագանքելով Մինսկի խմբի հետագա գործունեությանն առնչվող հարցին։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեզ համար կարեւոր է, որ շարունակելով բարի կամք դրսևորել ՝ խոսենք բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո այդ հաշտեցումը հնարավոր լինի»։

Հաշտեցման հարցում Ֆրանսիան որոշակի փորձ ունի՝ ասել Լըմուանը՝ հիշատակելով Ֆրանսիայի պատմության դրամատիկ փուլերը։ Ըստ դիվանագետի՝ ջանքեր գործադրելով  են ֆրանսիացիները կարողացել հաշտեցման գնալ, օրինակ,  գերմանացիների հետ։

Ուստի, կարծում ենք, որ պիտի շարունակենք աշխատել՝ փորձելով հասնել այդ հաշտեցմանը, նշել է  ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը։

«Ռադիոլուր»-ի դիտարկմանն ի պատասխան, թե պատերազմից հետո, մի կողմից, խոսվում է Մինսկի խմբի գործունեության վերսկսման մասին, մյուս կողմից՝ Ալիեւը նշում է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է, պետքարտուղարը շեշտել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն, իհարկե, արծարծում է մի շարք հարցեր, բայց մի  շարք հարցեր էլ փաստաթղթում արծարծված չեն։

«Մինսկի խմբի կարեւորությունը հենց դրանում է, որ համաձայնագրում չարծարծված կետերը արծարծվեն Մինսկի խմբի շրջանակներում։ Ի դեպ, դեկտեմբերին կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են քննարկել հարցերը՝ Մինսկի խմբի շրջանակներում»։

Նա տեղեկացրել է, որ այս շաբաթ Լեհաստանում տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում։ Ֆրանսիացի պաշտոնյան հույս ունի,  որ հաջորդ փուլում այցելություն կլինի տարածաշրջան։

«Այնպես որ, Մինսկի խմբի կարեւորությունը շարունակում է ակտուալ մնալ, եւ այդ շրջանակներում պիտի աշխատանքները շարունակվեն»,-եզրափակեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը։

Գերիների հետ կապված հարցին արձագանքելով՝ Ժան Բատիստ Լըմուանը  նշեց, որ  հարցն իրենց ուշադրության կենտրոնում է,  բարձրացվում են, երբ առիթ ու հնարավորություն է ստեղծվում։ Երկու կողմերի հետ էլ ամեն ինչ դնում ենք սեղանին՝ քննարկելու բոլոր հնարավոր հարցերը՝ եզրափակեց ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը։

Back to top button