ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը բացում է դարպասները՝ խստացնելով միգրացիոն օրենսդրությունը

Փետրվարի 1–ից կբացվեն դեպի Ռուսաստան օդային դարպասները։ Կառավարության այսօրվա նիստում  վարչապետը հայտարարել է, որ  Հայաստանից  Ռուսաստան այցելությունների սահմանափակումների վերացումը նաև սոցիալական բաղադրիչ ունի: Հայաստանի օդային դարպասները փակվել էին 2020 թվականի մարտի 16–ից՝ կորոնավիորւսի համավարակով  պայմանավորված։ Սա հարուցել էր հատկապես  ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների դժգոհությունը։

ՌԴ մեկնելիս ճամպրուկների և փաստաթղթերի հետ պարտադիր կլինի նաև «Ճամփորդում եմ առանց Covid 19-ի» հավելվածը, որը կբացի դեպի ՌԴ օդային դարպասները։ Գործադիրն այս ուղղութամբ երկար է աշխատել: Ծրագրի մանրամասները վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում․

«Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտային կարգով, մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում, կարծում ենք, այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող անցել է»,- նշում է վարչապետը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» հավելվածը, որտեղ  նշված են ծրագրում  ընդգրկված  լաբորատորիաները։

«Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները ներբեռնվում են  համապատասխան ծրագրով,  բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը։ Թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում»:

Հայաստանից աշխատանքային միգրանտները հիմնականում ընտրում են Ռուսաստանի  Դաշնությունը։ 2020 թվականն այս առումով բացառություն էր․ մարտի  16–ից, համավարակով պայմանավորված, փակվեցին սահմանները,  և ՌԴ մեկնել պատրաստվող  քաղաքացիները մնացին Հայաստանում։  Միգրացիոն ծառայության պետ  Արմեն Ղազարյանը, ներկայացնելով  մուտքի ու ելքի անցյալ տարվա թվային տվյալները, «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց՝ 2020–ին 10 506-ով ավելի շատ քաղաքացի է եկել Հայաստան, քան  այստեղից  մեկնել է․

«2018-ի համեմատ ցուցանիշը նվազել է, երբ ունեցել ենք 15 318։  2020 թվականին ցուցանիշի մեկնաբանությունը տարբեր է մյուս տարիներից։ Սա տեղի է  ունեցել քաղաքացիների մուտքի  ու օտարերկրացիների ելքի պայմաններում, մինչդեռ դրան նախորդած տարիներին ՀՀ քաղաքացիների մուտքի ու ելքի  տարբերությունը բացասական էր, սակայն, թվերը փոքրանում էին»։

Ղազարյանը  կանխատեսումներ անել չի ցանկանում,  թե պատկերն ինչպես կփոխվի օդային սահմանները  բացելու դեպքում։ Դրանք պետք է  արվեն գիտական հետազոտությունենրի ու փաստերի հիման վրա՝ ասում է։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ընդգծում է՝  ծրագիրը պիլոտային է, ուստի առաջին ամսվա ընթացքում քաղաքացիների ելքի մեծ հոսքեր չեն լինի, սակայն, ծրագրի  շարունակվելու  դեպքում  այդ հոսքը կմեծանա։

«Մենք շատ մեծ հոսքեր կունենանք։ Մեր հիմնական աշխատանքային միգրացիայի ուղղվածությունը տարիներ ի վեր համարվել է Ռուսաստանը։ Միշտ սեզոնային է եղել այդ միգրացիան։ Մարդիկ փետրվար-մարտին գնացել են, նոյեմբերին՝ վերադարձել։ 2020թ մարտի 16–ից սահմանները փակվեցին, մեր հիմնական աշխատանքային միգրանտները չկարողացան մեկնել աշխատելու։ Նրանց մեծ մասն այստեղ է և չի կարողացել աշխատանք գտնել, քանի որ Հայաստանում նույպես աշխատատեղերը կրճատվել են։ Այդ մարդիկ չկարողացան ապահովել իրենց  տարեկան եկամուտը։  Աշխատանքային միգրանտները վստահաբար րոպեներն էին հաշվում, թե երբ են բացվելու սահմանները, որ մեկնեին ՌԴ աշխատելու»։

Նրանց կմիանան նաև անորոշության սպասումով ապրողները։  Փորձագետը վստահ չէ, թե ինչ հարաբերակցություն կունենա մշտական բնակության ու աշխատանքի համար մեկնողների թիվը։ Տարիների վիճակագրությունը ներկայացնելով՝ զրուցակիցս ասում է՝ նախկինում  մեկնողների 50 տոկոսը գնում էր աշխատելու, մյուս կեսն էլ՝ երկարաժամկետ էր մեկնում։ Տաթևիկ Բեջանյանը տեղեկացնում է՝ ՌԴ կառավարության օրակարգում այս պահին միգրացիոն օրենսդրության խստացման հարցն է․եթե փոփոխություններն ընդունվեն, միգրանտների համար պայմաններն ավելի ծանր պայմաններ կստեղծվեն կդառնան։

«Բավականին ծանրանալու է միգրացիոն հաշվառումը, շատ ավելի հեշտանալու է միգրացիոն հաշվառումից հանելը։ Ավելի քան վստահ եմ, որ մուտքի արգելք ունեցողների թիվը կրկնակի, եթե ոչ եռակի ավելանալու է։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել։ Որ պահին օրենքն ընդունվեց, այդ պահին հետևել կանոններին»։

Թե Հայաստանից ԵԱՏՄ անդամ որ երկիր են գնում ՌԴ-ից բացի, ֆիքսում են միայն ընդունող երկրները։ Հայաստանում գիտեն, թե որ երկրներից են ամենաշատը գալիս։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան․ «Ղազախստանը առաջին քսանյակում է։ 2020-ին Հայաստան մուտք է գործել Ղազախստանի անձնագիր ունեցող 3052 քաղաքացի, դուրս է եկել 3351-ը։ Բելառուսը նույնպես  քսանյակում է՝ 13–րդն է, մուտք՝ 4502, ելք՝ 4572։ Ղրղզստանը 22–րդն է՝ 1500–ի կարգի»։

2020–ին ամենաշատը մեր երկիր  մուտք գործել ու դուրս են եկել հենց Հայաստանի քաղաքացիները։ Երկրորդ տեղում են  ՌԴ–ի, երրորդ տեղում ՝  Վրաստանի, ապա  Ուկրաինայի քաղաքացիները։

Կարդացեք նաև
Close
Back to top button