ԿարևորՔաղաքական

Նոր հայտ ու մարտավարության փոփոխություն՝ ընդդիմադիր թևում

Իշխանափոխության համար պայքարող ընդդիմադիր ուժերը վաղը ծրագրում են հանրահավաք կազմակերպել, նաև հայտարարում են պայքարի նոր մարտավարություն որդեգրելու մտադրության մասին։ Վաղն , ի դեպ, ներքաղաքական դաշտում «թարմացում» տեղի կունենա և նոր ձևավորվող  ուժերից մեկն արդեն հարթակ դուրս կգա։ Իսկ իշխանական թևից վկայակոչում են վիճակագրական տվյալներ՝ հիմնավորելու համար, որ արտահերթ ընտրությունները առաջին հերթին ձեռնտու չեն ընդդիմությանը։

Ոստիկանությունը դեռ անհրաժեշտություն չի տեսնում ընդդիմության թևերից մեկի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին հրավիրել բացատրություններ ներկայացնելու։   Արարատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը խոսել էր ապստամբության մասին, եթե վարչապետի հրաժարականին հասնելու սահմանադրական ճանապարհը արդյունքներ չգրանցի։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ձեռքի տակ ունեցած տեղեկությունները չի հրապարակում ։ Նաև փորձում է չմտնել քաղաքական հարթություն։

«Տեղեկություն չեմ կարող հայտնել։ Այս ուսումնասիրություններ ենք անում։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները սահմանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում համապատասխան գործողությունները և դրանց քրեաիրավական գնահատականներ։ Եթե մենք ունենանք նման հիմքեր, եթե մենք ունենանք միանշանակ ռիսկեր, միանշանակ կձեռնարկենք անհրաժեշտ պատասխան միջոցառումները»։

Ով ումից է սովորել․ Մանուկյա՞նն է փորձում կրկնօրինակել Փաշինյանի հեղափոխական սցենարը, թե Փաշինյա՞նն էր Մանուկյանի 1995 թվականի գործողություններից օրինակ վերցրել։ Վարչապետի միասնական թեկնածուն վկայակոչում է ապստամբություն անելու այլ պետությունների սահմանադրություններում ամրագրված իրավունքը։

«Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել։ Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելը, առանց ֆիզիկական բռնության, իհարկե»։

26 տարի առաջ կրկին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն իր կողմնակիցների հետ մտել էր ԱԺ–ի շենք։ Բռնությունից խուսափել չէր հաջողվել, դրա  թիրախում հայտնվել էր ԱԺ–ի փոխնախագահ Արա Սահակյանը։ Խորհրդարանի  գործող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը սցենարի կրկնության մտավախություն չունի։

«Թող փորձի»։ 

Իշխանական թևում առայժմ հետևում են ընդդիմության վերադասավորումներին։ Դժգոհության առաջին ալիքի մարումը ընկալել են որպես հանրության բացասական գնահատական ընդդիմության քայլերին։ Ընտրությունների միջոցով քաղաքացու առաջ կանգնելու և պարզաբանումներ տալու անհրաժեշտություն Ալեն Սիմոնյանը տեսնում է։ Կարծում է՝ դա անհրաժեշտ է իրավիճակի լիցքաթափման համար։

«Ես կողմ եմ, որովհետև համարում եմ, որ այդ լարվածությունը, այդ քաղաքական հարցադրումների շարանը, որոնք արդարացիորեն կան, պետք է իրենց պատասխանները ստանան, որ մեր բոլոր քաղաքացիները տեսնեն՝ վերջ ի վերջո ինչը ինչով է։ Ընտրություններից վախենում է ընդդիմությունը, որովհետև ըստ  հարցումներից ունեցած տեղեկությունների՝ վստահեցնում եմ՝ որևէ ընդդիմադիր ուժ չունի նույնիսկ երկնիշ վարկանիշ ՀՀ ժողովրդի շրջանում։ Քաղաքացիների գերակշիռ մասը բավականին անտարբեր է ու  հոգնած  բոլոր քաղաքական ուժերից և բացասական է արտահայտվում, բայց ընդդիմադիր որևէ ուժ չի կարող պարծենալ նույնիսկ երկնիշ թվով»։

Ներքաղաքական պայքարում փորձված կուսակցություններին վաղվանից միանալու է նոր ստեղծվող ուժերից մեկը։ Ռուսաստանաբնակ գործարար, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար և «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը Երևանում է արդեն ոչ թե գործարարությամբ, այլ քաղաքականությամբ զբաղվելու համար։ Առաջին քայլը այդ հարթությունում անելու է վաղվա «հայահավաքին»՝ վարչապետի պաշտոնավարմանը դեմ կազմակերպվող ցույցին։ Մամուլը Արտակ Թովմասյանի  անունը կապում է և Սերժ Սարգսյանի հետ, և Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջին շրջանում էլ՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Ինքը՝ Թովմասյանը,  ասում է․ «Ծանոթ եմ եղել մեր երկրի վերջին 30 տարվա բոլոր ղեկավարներին, որի հետևանքով սկսել են մեր տնտեսական աջակցությունները Հայաստանին ներդրումների տեսքով։ Դա է եղել մեր հիմնական կապը։ Հիմա թե մնացածը ինչ է ժողովուրդը ասում՝ ամեն մեկի երևակայությունն է։ Սա նույնն է, ինչ բոլորս լսած կլինեն, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրոյեկտն է։ Եթե այդ լոգիկայի մեջ նայենք,  դեռ միայն չեն ասում, թե ում պրոյեկտն է Ռոբերտ Քոչարյանը»։

Նոր ստեղծվող կուսակցությունը դեռ անդամներ է հավաքագրում և փորձում է զգուշավոր լինել կադրերի ընտրության հարցում։ Նախապատվություն է տալու գործնականում արդեն հաջողությունների և արդյունքների հասած երիտասարդների ու քաղաքական դաշտում չվարկաբերված գործիչների։  

Վերջին շրջանում փողոցային պայքարի դիմած ընդդիմադիրները, որոնք միավորվել էին «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, ըստ ամենայնի, առաջիկայում կփոխեն մարտավարությունը։ Տարածվող լուրերի համաձայն՝ միավորման կուսակցությունները փորձելու են առանձնանալ և այլ ձեւաչափ տեղափոխել պայքարը։

Back to top button