ԿարևորՀասարակություն

Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևանի աղբահանության համակարգի զարգացմանը

Հունվարի 26-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրել են «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագիրը, ըստ որի կբարելավվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի աղբահանության համակարգը։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև Իջևանի քաղաքապետը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության և Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում կտեղադրի աղբամաններ և քաղաքապետարանին կտրամադրի համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանը կապահովի աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր ծրագրերն իրականացնելիս նպատակ  է դնում մտածողություն և վարքագիծ փոխել՝ արմատավորելով մարդասիրական արժեքները, և այս մեկն էլ այդ առումով բացառություն չէ, — ասել ՝ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, — Ճապոնիայի կառավարության հետ հաջող համագործակցության փորձ ունենք, այնպես որ վստահ եմ այս ծրագրի արդյունավետության մեջ»։

Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ընդգծել է, որ ենթակառուցվածքի բարելավումը, թափոնների պատշաճ կառավարման փորձը և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրագործմանն: Դեսպան Յամադան նաև շեշտել է, որ այս օժանդակությունը կդառնա ոչ միայն քայլ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի անվտանգության բարելավմանը, այլև կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, ինչպես նաև փոխադարձ համակրանք, որը ավանդաբար ձևավորում է Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքը։

2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:

90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:

Back to top button