

Հայությունը՝ հատկապես Հայաստանում, բևեռացված է: Չկա համախմբվածություն, ստեղծված իրավիճակը միասին հաղթահարելու կամք, ինչը վտանգում է նաև պետականությունը, ասում է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:
Իսկ ի՞նչ ուղիներ են պետք հայկական պետականության և Սփյուռքի գոյատևման համար, ինչպիսի՞ դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում հայկական կազմակերպությունները և ի՞նչ նոր գործիքակազմ է անհրաժեշտ թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը հակադարձելու համար։
«Հորիզոնի» խմբագրի ձևակերպմամբ, օրինակ, Կանդայում պատերազմի օրերին Հայ դատի հանձնախումբը խորհրդարանի վերին պալատ Արցախի ճանաչման բանաձև ներկայացրեց, ինչը տարբեր պատճառներով մերժվեց:
Վահագն Գարագաշյանը նշում է, որ անկախ այն հանգամանքից, որ թուրք-ադրբեջանական գումարները մասսայական շրջանառության մեջ են նաև Կանադայում, այնուամենայնիվ որևէ լուրջ դերակատարություն հակահայ կարծիքների և դիրքորոշումների վրա չեն ունենում, ինչը, իհարկե, հայկական համայնքի նկատմամբ Կանադայի ունեցած վերաբերմունքից է:
Ինչ վերաբերում է Սփյուռքի ու Հայաստանի գործակցությանը արցախյան վերջին պատերազմից հետո, ապա, ըստ Գարագաշյանի, համագործակցությունը անհրաժեշտ է խորացնել, քանի որ ժամանակն է ինքնադաստիարակման և ինքնաճանաչման: