Ինչի մասին են խոսել Պուտինն ու Բայդենը

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Ջոզեֆ Բայդենի միջեւ առաջին հեռախոսազրույցը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Պուտինն ու Բայդենը գոհունակություն են հայտնել Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի երկարացման վերաբերյալ նոտաների փոխանակման կապակցությամբ:
Միջազգային թեմաներից անդրադարձ է եղել նաև «Բաց երկնքի պայմանագրից» Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուն, իրանական միջուկային ծրագրին, ուկրաինական կարգավորմանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությանը:
Նախագահները քննարկել են համագործակցությունը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում `առևտրատնտեսական:
Պուտինը շնորհավորել է Բայդենին իր նախագահության մեկնարկի կապակցությամբ: Նա նշել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կարգավորումը կհամապատասխանի երկու երկրների շահերին:Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները:
Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների զրույցը կրել է գործարար և անկեղծ բնույթ: Զրույցը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի նախաձեռնությամբ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նա պարզաբանել է, որ Բայդենը, մասնավորապես, պլանավորել էր Պուտինի հետ քննարկել Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ ընտրությունները:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները նշում են, որ Բայդընը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության կապակցությամբ: Բացի այդ, Բայդընը Ռուսաստանի նախագահի վրա ճնշում է գործադրել իր երկրի նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու և Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին թիրախավորելու պատճառով:
«Ի տարբերություն իր նախորդի, Բայդընը մեծ հույսեր չի փայփայում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում, բայց փոխարենը ազդարարում է, որ ցանկանում է կառավարելի դարձնել տարաձայնությունները Սառը պատերազմի նախկին հակառակորդի հետ` առանց դրանք կարգավորելու կամ կապերը բարելավելու: Նա չի փնտրում ուղիղ առճակատում ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով ներքին ծանր օրակարգը և Իրանի ու Չինաստանի հետ կապված հարցերը»,- գրել է «Ամերիկայի ձայնը»: