ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական կողմը ևս 31 մարմին է փոխանցել հայկական կողմին

Նախօրեին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 մարմին։ Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա ասել է, որ ադրբեջանական կողմն է զանգահարել ու հայտնել, որ մարմիններ են գտել։ Հայ փրկարարներն էլ մոտեցել են ու Ֆիզուլիի հատվածում վերցրել։

«Ցավոք, ոսկրային մնացորդներ են, անճանաչելի են, ինքնությունը պարզել այս պահին հնարավոր չէ։ Նրանց ինքնությունը պարզելու համար պետք է ԴՆԹ փորձաքննության ենթարկել»,– ասել է Հունան Թադևոսյանը։

Մի քանի օր առաջ մարդասիրական առաքելության շրջանակներում ևս 30 մարմին էր փոխանցվել։ Նախօրեին որոնողական աշխատանքներ են իրականացվել Հադրութի հատվածում, որտեղից որևէ մարմին չի հայտնաբերվել։

Այսօր Մարտունու, Ֆիզուլու և Հադրութի շրջաններում երեք ջոկատ որոնողական աշխատանքներ կիրականացնի։

Հունան Թադևոսյանը «Ռադիոլուր»-ին նաև ասել է, որ Մարտունու ուղղությամբ, մասնավորապես, որոնողական աշխատանքներ են կատարվելու Ներքին Ճարտարի շրջակայքում, որն այս պահին թշնամու վերահսոկողության տակ է։ Նախկինում այստեղ նույնպես նման աշխատանքներ կատարվել են։

Նոյեմբերի 13–ից մինչև հունվարի 26-ը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողներ, կամավորականներ ու պահեստազորայիններ են։

Back to top button