ԿարևորՀասարակություն

Ճարտարապետական գաղտնիք՝ Ռադիոտան ճակատին․ այսօր հեղինակի 120-ամյակն է

Այսօր լրանում է 20-րդ դարի ականավոր ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120-ամյակը։ 1950-ականները նշանավորվեցին նրանով, որ շահագործման հանձնվեց այն ժամանակվա լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով հագեցված Ռադիոտունը՝ նախագծված հենց ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից։

«Հայկական ռադիոյի պատմությունը»  գրքի համահեղինակ, ռադիո «Արևիկ»–ի ղեկավար Կարինե Գևորգյանը ռադիոտան կառուցման մասին ուշագրավ տեղեկություններ է փոխանցում, իր խոսքով՝ նաեւ որոշ գաղտնիքներ։

«Այստեղ մի գաղտնիք կա, որ այսօր մարդիկ չեն տեսնում Խորհրդային Հայաստանի գերբը, որը երբեմն շատ խոսակցությունների նյութ է դառնում, երբեմն նույնիսկ՝ ոչ այնքան հաճելի։  Զարմանալի բան է, որ գերբը ի սկզբանե շենքի վրա եղել է, հավանաբար այդպես են մտածել։ Հետագայում ոչ մի անգամ արդեն նույնիսկ անկախ Հայաստանում իննսունականներից հետո որևէ մեկի մտքով չի անցել ուղղակի դա հանել շենքի ճակատից»,–նշում է Կարինե Գևորգյանը։

1950–ականների ճարտարապետությանը բնորոշ էին սայրաձողերը կամ շպիլները։ Մարգարյանի նախագծում, ըստ նախնական տարբերակի, Ռադիոտան ճակատային մասը պետք է պսակվեր եռաստիճան աշտարակով, պիտի ավելացվեին սայրաձողեր։ Սակայն նույն այդ շրջանում ճարտարապետական այս լուծումները Կոմկուսն ու ԽՍՀՄ կառավարությունը համատեղ որոշմամբ համարեցին ճարտարապետական ավելորդություններ, եւ Հանրային ռադիոյի շենքի նախագիծը փոքր-ինչ փոփոխվեց։  Անվանի ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծերով՝ Հայաստանում 80-ից ավելի հայտնի շենքեր են կառուցվել։ Նրա թոռնուհին՝ կրկին ճարտարապետ Աննա Ռեմի Մարգարյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում  նկատում է՝

«Ընդհանրապես ինքն ամենամեծ կառույցին և փոքր աղբյուրին նույն լրջությամբ էր վերաբերվում, և պարտադիր չէր, որ մեծ շենք լիներ, փոքրերն էլ շատ լրջությամբ ու սիրով նախագծում, ամենափոքր կառույցներն էլ եմ սիրում»,–նշում է Մարգարյանը։

Հանրային ռադիոն չորս վայրում է գործել։ Նախ՝ կայարանի հին շենքում, հետո՝ մոտ տասը տարի՝ «Ինտուրիստ» հյուրանոցում։ Մի շրջան էլ Հանրային դառիոն ռադիոն տեղակայվել է Հանրապետության հրապարակի Փոստի շենքում։ Ռադիոն տարիների ընթացքում զարգանում էր, տարածքը՝ փոքրանում։ 1949թ–ին՝ հետպատերազմյան շրջանում, ռադիոյի տնօրենը դիմում է նախարարների խորհրդին՝ խնդրանքով՝ ռադիոն պետք է իր տունն ունենա։ Հովհաննես Մարգարյանի նախածով՝ ռադիոտան կառուցումը սկսվում է 1950–ականներին, տևում 7 տարի։  Ալեք Մանուկյանը 5-ը ռադիոտան հասցեն է արդեն 64 տարի, իսկ ռադիոտան շենքն այսօր էլ ամենանշանավորներից մեկն է մայրաքաղաքում։

Back to top button