ԿարևորՔաղաքական

ՀՀ-ը հավատարիմ է մնում ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին. Այվազյան

Արտգործնախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ:

«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության», — ասում է նախարարն իր ուղերձում:

Նա նշում է, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան է եղել։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի:

«Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։

Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը», — ասում է Այվազյանն իր ուղերձում:

Back to top button