ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ բանաձևը՝ համահունչ հայկական դիրքորոշմանը

ԵԽԽՎ–ի՝  մոնիտորինգի հանձնաժողովի դիտարկումների հիման վրա  ընդունած բանաձևը թեև խորհրդատվական բնույթ ունի, բայց կարևոր է իրավաքաղաքական առումով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում Ստրասբուրգից ասել է  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է ազդեցություն ունենալ  Նախարարների կոմիտեի ու ՄԻԵԴ–ի որոշումների վրա․

«Այս կարգի բանաձեւերը ֆոն են ապահովում, հիմնապաստառ են դառնում հղումներ  անելու համար։ Կարող ենք մշտապես հղում կատարել այս փաստաթղթին և ասել, որ սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ նաեւ ԵԽԽՎ–ն է սատարում դրան։  Հայկական պատվիրակության համար գլխավոր հարցը ռազմագերիների վերադարձն է»։ 

Հունվարի 25–ին ուշ երեկոյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում  2020 թ. դիտարկումների հիման վրա բանաձև է ընդունվել, որտեղ, մասնավորապես,  ասվում է․ «Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը  և հնարավորինս արագ կյանքի կոչեն եռակողմ համաձայնագրի դրույթները»։   Վեհաժողովը կոչ է անում  Բաքվին և Երևանին որքան հնարավոր է շուտ կատարել մարդասիրական խնդիրներին վերաբերող նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ ԵԽԽՎ-ն նաև խորհուրդ է տալիս  անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը:

Վեհաժողովում հայտնել են  լուրջ մտահոգություններ հակամարտության ընթացքում Արցախում հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ, ինչպես նաև կրոնական վայրերին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին տեղեկությունների մասով»:

ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ այդ դեպքերը լիարժեք քննության կենթարկվեն: «Յուրաքանչյուր խախտում պետք է վերացվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է բանաձևում:

Մեկ այլ ընթացակարգով հրատապ հարցի քննարկման շրջանակներում  հայկական պատվիարակությունն առաջարկել էր քննարկել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցը, սակայն Վեհաժողովում նախապատվությունը տրվել էր Նավալնիի գործի քննարկմանը։ Այդուհանդերձ, հայ գերիների հարցը քննարկման թեմա է դարձել՝ ասաց Վլադիմիր Վարդանյանը։

«ԵԽԽՎ Նախարարների կոմիտեն ընտրել է Նավալնիի  հարցը՝ գուցե քաղաքական նկատառումներից ելնելով, սակայն հայ գերիների հարցը քննարկվել է ելույթների մակարդակով»։

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ հայկական պատվիարակության աշխատանքի արդյունքում քաղաքական երկու խմբերի ղեկավարները՝ Ալեսքանդր Պոչեյը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից  և Ժակ Մէրը՝ Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինքից, քննարկման թեմա են դարձրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը։

Եվրոպացի պատգամավորները, ըստ Վլադիմիր Վարդանյանի, ԵԽ գլխավոր քարտուղարին  նաեւ հուշել են,  թե ինչպես պետք է աջակցել հայ գերիների վերադարձին։ Հայկական պատվիրակության բոլոր անդամները նույնպես իրենց ելույթներում խոսել են  հայ գերիների վերադարձի եւ ադրբեջանական հանցագործությունների մասին։

«Ես ասել եմ,  որ Ադրբեջանը  չի հետեւում Եվրոպական դատարանի վճիռներին,  ռասսայական խտրականություն է դրսեւորում եւ այդ պետության նկատմամբ հանդուրժողականության դրսեւորումն անընդունելի է»։ 

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթի ժամանակ կոչ է  արել միջազգային հանրությանը  բողոքի ձայն բարձրացնել, որպեսզի միջազգային ճնշում գործադրվի Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով։

«Ադրբեջանական պատվիարակությունը վստահության մասին է խոսում, սակայն ադրբեջանական բանտերում շարունակում է պահել  հայ գերիներին, գլխատում է տարեց հայ գերին» ,–նշել է Մարուքյանը։

Հայ պատվիրակները համոզված են, որ հնարավոր բոլոր միջոցներով միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցում հաջողություն ունենալու համար։

Back to top button