ԿարևորՀասարակություն

Գլխավոր դատախազությունը քննում է պատերազմական հանցագործության շուրջ 1400 հանգամանք ու դրվագ

Հայաստանի գլխավոր դատախազությունում Ադրբեջանի Հանրապետության դեմ քրեական գործեր են  հարուցվել առանձին ուղղություններով։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ Պատերազմի հանցագործության հոդվածով շուրջ 1400 հանգամանք և դրվագի վերաբերյալ ընթանում են լայնածավալ քննություններ։ Մասնավորապես՝ ագրեսիվ պատերազմական գործողություններում Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան անձանց կողմից պլանավորված ձևով վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավման փաստերով։ Այդ նպատակով նրանք հավաքագրվել են Մերձավոր Արևելքից և Թուրքիայի տարածքով ապօրինի կերպով տեղափոխվել Ադրբեջան, որից հետո այդ վարձկանները մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողություններին.

«Այս քրեական գործերով ունենք նաև մեղադրյալներ, մասնավորապես՝ երկու արաբ վարձկանների, ինչպես գիտեք, հայտնաբերել էին հայ զինծառայողները պատերազմական գործողությունների ընթացքում և հանձնել իրավապահ մարմիններին։ Նրանց առաջադրված են մեղադրանքներ։ Դրանք գտնվում են իրավասու մարմինների տրամադրության տակ»։

Բացի նրանցից՝ որպես մեղադրյալներ են ներգրավվել նաև այն վարձկանները կամ ահաբեկչական խմբավորումների անդամները, որոնց հավաքագրված լինելու մասին արդեն իսկ ապացույցներ են ձեռք բերվել։ Խոսքը՝ 4 անձի մասին է, որոնց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նույն քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ադրբեջանական հայտնի ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Վերջինս ֆաշիստական բնույթի հայտարարություններ էր արել հայ ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանելու բացահայտ կոչ։ Ադրբեջանի դեմ հարուցված գործի շրջանակներում առանձին քննության առարկա է դարձել  նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, սպանությունների դրվագները։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է, որ թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավունքում կա համընդհանուր իրավազորություն հասկացությունը, իսկ պատերազմի հանցագործությունները համընդհանուր իրավազորության սկզբունքի տակ են ընկնում և Հայաստանը կարող է այդ մոտեցմամբ հաջողություն արձանագրել։

«Համընդհանուր իրավազորությունը նկատի ունի, որ կան հանցագործություններ, որոնք նաև միջազգային քրեական իրավունքի դրույթներով են անցնում, այսինքն՝ նաև միջազգային հանցագործություն են, հետևաբար՝ որևէ երկրում հարուցված քրեական գործով կարելի է նախ միջազգային հետախուզում հայտարարել, ապա՝ մեկ այլ պետությանը տեղեկացնել, որ դու կարող ես տվյալ երկրում կատարած հանցագործության մասով քո երկրում քրեական հետապնդում իրականացնել։ Պատերազմի հանցագործությունները, մարդկության դեմ կատարած հանցագործությունները, խոշտանգումները, պատերազմի արգելված մեթոդները, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները ընկնում են ընդհանուր իրավասության հասկացության տակ»։  

Կոնկրետ «պատերազմի հանցագործության» հոդվածով Հայաստանը նախադեպ չունի, բայց միջազգային պրակտիկայում այդպիսի գործեր շատ են եղել, երբ համընդհանուր իրավասության սկզբունքի մեխանիզմն աշխատել է՝ ասաց Արա Ղազարյանը։

«Դատախազությունը կարող է, ենթադրենք, քրեական գործ հարուցել 10 դրվագով, որից մի քանիսը կարող են ընկնել համընդհանուր իրավազորության դրույթների ներքո։  Այդ դեպքում, եթե որևէ անձ գտնվում է մի պետությունում, որի հետ Հայաստանը ունի լավ հարաբերություններ, կարող է դիմել այդ պետությանը՝ խնդրելով, որ արգելանքի վերցնի, քրեական հետապնդման ենթարկի՝ Հայաստանի կամ Արցախի տարածքում կատարած հանցագործությունների համար։ Դա արվում է որևէ միջազգային կոնվենցիայի կամ միջպետական համաձայնության շրջանակներում»։ 

Գոռ Աբրահամյանը չբացառեց Ադրբեջանի Հանրապետության դեմ հարուցված քրեական գործի մի շարք հանգամանքներով ու դրվագներով նաև միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը՝  նշելով, որ շատ բան կախված է լինելու հավաքագրվող ապացույցների ամբողջությունից։  

«Իհարկե, նման հեռանկար կարող է լինել։ Ի դեպ, պատերազմի ընթացքում և դրանից հետո գլխավոր դատախազության կողմից միջազգային ատյաններին և գործընկեր կազմակերպություններին, որոնց հետ մենք ակտիվ համագործակցել ենք տարիներ շարունակ, համապատասխան գրություններ են հասցեագրվել՝ կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այս պրոսեցը շարունակական բնույթ է կրում՝ մենք մեր գործընկերներին իրազեկում ենք մեր կողմից ձեռք բերված ապացույցների վերաբերյալ, քրեական հետապնդումների մասին»։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշեց նաև, որ դատախազությունը միաժամանակ միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանում Հայաստանի կամ Արցախի նախկին կամ ներկա բարձրաստիճան անձանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներով հարուցված հետախուզումները չեզոքացնելու ուղղությամբ։ Ակտիվ աշխատանքներ են տարվել Ինտերպոլի հետ։

Արա Ղազարյանը նշեց, որ թեև Հայաստանը Հաագայի դատարանի իրավազորությունը չի ընդունել, սակայն կաշկանդված չէ. կա այդպիսի լիազորություն և կարող է ժամանակավոր ընդունել այդ դատարանի լիազորությունը ու պատերազմական հանցագործությունների որոշ դրվագներով դիմել նաև այդ դատարանին։   

Back to top button