ԿարևորՔաղաքական

ԱԺ–ում սահմանադրական նոր «կոստյում է կարվում»

Առայժմ «Իմ քայլը» խմբակցությունն առաջիկա օրերին պատրաստվում է քննարկման ներկայացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի  ինքնալուծարել խորհրդարանը։ Այսինքն՝ կփոփոխվի գործող կարգը, համաձայն որի՝ Ազգային ժողովը լուծարվում է միայն այն դեպքում, երբ 2 անգամ վարչապետ չի ընտրվում։ Մշակվող  նախագծով նախատեսվում  է, որ խորհրդարանի լուծարումից մինչև արտահերթ ընտրությունների կազմակերպում վարչապետը մնում է անփոփոխ։

Սահմանադրության տեսքով «կոստյումը» ձևափոխելու նոր գործընթաց է սկսվում Ազգային ժողովում։ Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլ»–ից Վահագն Հովակմիյանը չի հերքում լուրերը, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ է պատրաստվել․ խորհրդարանի ինքնալուծարում՝ վարչապետի կողմից պաշտոնը մինչև արտահերթ ընտրություններ պահպանելու հնարավորությամբ։ Սա է փոփոխության էությունը։

Իշխանությունը օրեր առաջ խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել էր համաձայնության գալ՝ վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետի նոր թեկնածուներ չառաջադրելու հարցում։ Քաղաքական տեսանկյունից սահմանադրական նոր փոփոխությունը դիտարկվում է որպես քաղաքական համաձայնության չգալու հակաքայլ։

Վահագն Հովակիմյան․ «Ձեր տպավորությունը ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Այլ կերպ ասեմ․ եթե լիներ նոր Սահմանադրության նախագիծ, ես սա կրկին առաջարկելու էին, որպեսզի այս մեխանիզմը ներառվի, որովհետև խորհրդարանական երկրներում գոյություն ունի խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմ։ Այս պահին ես ընդամենը հաստատում եմ, որ գաղափարը կա, բայց գաղափարն ի վերջո կդառնա  նախագիծ, վերջնական ինչ տեսք կունենա՝ ձեր բոլոր բովանդակային հարցերին խոստանում եմ այդ ժամանակ պատասխանել։ Սահմանադրությունը չի փոխվում իրավիճակային։ Այս մեխանիզմն իմ առաջարկով պետք է լինի ընդմիշտ»։

Իշխանության իրական նպատակները այլ լույսի ներքո է տեսնում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ Նրա համար անընդունելի է Սահմանադրության փոփոխությունը՝ ըստ իրավիճակի։ Հիշեցնում է․ մեկ այլ մասնակի փոփոխություն Սահմանադրության մեջ խորհրդարանը արեց մեկ տարի առաջ՝ ՍԴ–ի թնջուկը լուծելու համար։

Այս պահին նա նորից տեսնում է «կոստյում»–ի ստվերը։

«Մոտավորապես այդպիսի մի բան, այո, որը շատ անլուրջ և անհեթեթ է։ Դա նշանակում է՝ այդ փոփոխությունով  ձախողված իշխանությունը, ես մեղմ եմ ասում, փորձում է  արտահերթ ընտրությունների միջոցով մաքրվել և  լեգիտիմացվել։ Սա է ամբողջ խնդիրը»։

Հայաստանի Սահմանադրությունը հիմնովին փոխելու վրա արդեն տևական ժամանակ  աշխատում է արդարադատության նախարարությանը կից ձևավորված սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը՝ քաղաքական հատվածով, իրավաբան–գիտնականներով և հանրային հատվածից ներկայացուցիչներով։ Սեպտեմբեր–հոկտեմբերին պետք է հանրային քննարկման ներկայացնեին պատրաստի տարբերակի հայեցակարգը։

Այժմ այդ կառույցից շատերը չեն պատասխանում զանգերին և խուսափում են  գնահատել «Իմ քայլ»–ի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շրջանցելով նոր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու քայլը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, որը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներից է, մեզ ուղղորդեց արդարադատության նախարարության քարտուղարություն կամ խորհուրդ տվեց դիմել  հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանին․ «Ես տեղյակ չեմ, թե խորհրդարանում ինչ փոփոխություն է ներկայացվում, բայց մենք ընդհանուր որոշում ունենք, որ իրենք են տեղեկատվությունը տալու»։

Ինչու է ուշանում սահմանադրական փոփոխությունների մեծ փաթեթը․ այս հարցին ըմբռնումով են մոտենում իշխող խմբակցությունում։

«Իմ քայլ»–ից պատգամավոր Համազասպ Դանիելյան․  «Հայեցակարգ գրելու փուլում էին սեպտեմբերին, բնականաբար, այդ աշխատանքները հետ ընկան և այս պահին ամենևին առաջնահերթ չէ, հատկապես այդ հանձնաժողովում աշխատում են մարդիկ, իրավաբանաններ, պետական համակարգի աշխատողներ, որոնք կարևոր, հրատապ և արժեքավոր գործ են անում նույն ՄԻԵԴ–ում օրինակ։ Այսինքն՝ այսպես թե այնպես, այնտեղ դեռ հայեցակարգին են հասել, հայեցակարգից հետո Սահմանադրության տեքստ գրելը առնվազն կես տարի էլ ենթադրում է»։

Այս ժամկետները Համազասպ Դանիելյանին չեն գոհացնում նաև որպես ԸՕ–ի բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող։ Ասում է՝ չսպասելով սահմանադրական փոփոխությունների որևէ նախագծի՝ փետրվարին արդեն հանրային քննարկման են ներկայացնելու Ընտրական օրենսգիրքը, որտեղ նույնպես սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում։   

Սահմանադրության մեջ փոփոխություն, ըստ Մայր օրենքի 92-րդ հոդվածի, խորհրդարանը կարող է ընդունել  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։ Այսինքն՝ անհրաժեշտ է առնվազն 88 «կողմ» ձայն։ Մանդատներից հրաժարվելուց և խմբակցությունը լքելուց հետո այս խորհրդարանում «Իմ քայլը» այլևս չունի սահմանադրական մեծամասնություն՝ մնացել է 83 պատգամավորով։ Սա նշանակում է, որ ընդդիմությունից կամ անկախ պատգամավորներից առնվազն 5–ի հետ խորհրդարանական մեծամասնությունը պետք է նոր համաձայնության գա։

Back to top button