ԿարևորՀասարակություն

ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է. Բադասյան

Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

Մասնավորապես, նույնիսկ COVID-19 ռիսկերի առկայության պայմաններում, նախորդ տարիների համեմատությամբ, մահացությունների թիվն զգալիորեն նվազել է․ 2020թ-ին գրանցվել է մահվան 5 դեպք, այն դեպքում, երբ 2019թ-ին ունեցել էինք մահվան 21 դեպք։

Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը տևում էր շաբաթներ, ապա ներկայում տվյալ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը։

Բուժօգնության որակի բարձրացման նպատակով 2020 թվականի ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստում է անցել ՊՈԱԿ-ի 71 աշխատակից, այսինքն՝ զբաղեցրած հաստիքների շուրջ 45 %-ը։

«ՔԿՀ-ներում բժշկական օգնության բարձր որակի ապահովմանն ուղղված քայլերը կրելու են շարունակական բնույթ՝ պահպանելով ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ թիրախավորելով ռազմավարական նոր ուղղություններ, որոնք միտված են լինելու բանտային բժշկությունը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելուն»,- գրել է Բադասյանը։

Back to top button