ԿարևորՀասարակություն

Ոչ միայն տուն, այլև հույս ենք կոցրել․ շուշեցի ընտանիքը Երևանում է

Շուշեցի Լիաննա Մինասյանն արդեն երրորդ անգամ է տուն–տեղ կորցնում։ Բաքվից տեղափոխվել է Շահումյան, հետո՝  Շուշի, իսկ հիմա արդեն Երևանում է։ Ծանր է տանում, երբ իրեն ներկայացնում են որպես փախստական։

«Հարցը միայն այն չէ, որ մենք տուն ենք կորցրել: Մենք հույս ենք կորցրել, որովհետև մենք չգիտենք, թե որտեղ ենք ապրելու ու ինչ ենք անելու հետո: Անհասկանալի է մեր կարգավիճակը. Հայաստանում մեզ շատերը օգնության ձեռք մեկնեցին, բայց մենք կոտրված ենք: Մեզ օգնություն է պետք, մեզ  աշխատանք է պետք, այսինքն՝ պետաջակցությունը չպետք է սահմանափակվի միայն այդ չնչին դրամական օգնությամբ»։

Լիանան խոսում է 68 հազար դրամ օգնության մասին․ պետությունն այս գումարն է տրամադրում Հայաստանում գտնվող արցախցիներին:  Օրինակ, Լիանա Մինասյանի քույրն այդ գումարից ընդամենը 3 հազարը պետք է ստանար, քանի որ աջակցությունից հանվել է թոշակի գումարը:

«Իմ քույրը հրաժարվել է, բնականաբար, այդ երեք հազար դրամից… Բայց սա ուղղակի աղետ է, խայտառակություն: Մի ձեռքով աջակցություն են տրամադրում, մյուս ձեռքով զրկում դրանից»։

Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ նման կերպ վարվել են մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։

«Մարդիկ այս պահին եկամուտից զրկվել են։ Օրինակ՝ մի կենասաթոշակառու  ստանում է որոշակի գումար, մյուսն էլ ստանում է 0 դրամ։ Մենք 0 դրամ ստացողին ասում ենք, արի քեզ տանք 68 հազար դրամ, իսկ կենսաթոշակոռուին էլ ասում ենք՝ դու 30 հազար ձեռքի փող ունես, քեզ տանք դրա տարբերությունը»։ 

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է՝ Արցախի ազգաբնակչությունը հայտնվել է լրջագույն խնդիրների առջև և գրեթե միայնակ է դրանց դիմագարվում, քանի որ պետության օգնությունը բավարար չէ: Կառավարությունը 300 հազար դրամ է հատկացնում այն արցախցիներին, որոնց բնակավայրերն ադրբեջանցիներին են անցել։ Քաղաքապետն օրենքի թերություններն է նշում, ասում է՝ կան մարդիկ, որոնք  չեն կարողանում օգտվել այդ ծրագրից։

«300 հազարական դրամ գումար է տրվում, բայց օրենքի մեջ  թերի բան կա. Շուշիի եւ Արցախի այն համայնքների բնակիչները, որոնց տները մնացել են ադրբեջանցիների հսկողության տակ, կարող են օգտվել այդ աջակցությունից: Սակայն կարգում գրված է՝ Շուշիում առնվազն երեք ամիս ապրածների մասին: Ինչպե՞ս պարզել, թե տվյալ անձը պահանջվող այդ երեք ամիսն այնտե՞ղ է ապրել, թե՞ տասն օր պակասում է»։

Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց, որ որոշակի սահմանաչափ պետք է լիներ։

«Թեկուզ դրվեր 4 ամիս, երկու ամիս, էլի  դժգոհություններ լինելու էին»։

Հունվարի 12-ի դրությամբ (68,000+15,000) ծրագրի վճարման ցուցակում ներառված է 96,027 քաղաքացի, մշակման փուլում է 1,698 դիմում: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների աջակցության ծրագրով՝ 300,000 դրամ,  հունվարի 12-ի դրությամբ վճարման ցուցակում ներառված է 13,550 քաղաքացի, մշակման փուլում է 16, 897 դիմում:

Back to top button