ԿարևորՀասարակություն

Շահույթը՝ հանքարդյունաբերողներին, պոչամբարները՝ համայնքներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական  հանձնաժողովն առաջին անգամ  համալիր  ուսումնասիրության է ենթարկել հանքարդյունաբերության ոլորտը։  Աշխատանքներն ընդգրկել են  2018թ հունվարից   2020 թվականի  հունվար ընկած ժամանակահատվածը։

Հանձնաժողովում պարզել են, որ Հայաստանում  շուրջ  24 տոկոսով ավելացել է հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը․2019-ին հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի  շահագործման ոլորտի մասնաբաժինը Համախառն ներքին  արդյունքում կազմել է 2․8 տոկոս։ Պղնձի խտանյութը  Հայաստանից  արտահանվում  է երեք երկիր՝ Բուլղաիա, Չինաստան , Շվեյցարիա, ոչ մեծ քանակությամբ՝ նաև Կանադա, Վրաստան։

Շրջակա միջավայրի նախարարը ոլորտը ռիսկային է համարում, մատնանշում ոչ միայն հանքավայրերի շահագործման, այլ նաև շահագործումից  հետո պոչամբարների ռեկուլտիացիայի հետ կապված խնդիրները։

Լոռու մարզում գտնվող Մղարթի հանքավայրի շահագործման  ընթացքում  առերևույթ  իրավախախտումների փաստերի հիման վրա  քրեական գործ է հարուցվել։  Փաստերը գլխավոր դատախազությանը ներկայացրել է շրջակա միջավայրի  նախարար  Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Մի շարք հանքարդյունաբերող ընկերություններ ամենակոպիտ ձևով խախտում են բնապահպանական պահանջները, նույնիսկ  այն նորմերը, որոնք  ի սկզբանե  առաջադրված են  ՇՄԱԳ փորձաքննության պահանջների համապատասխան։ Ցավոք, վերահսկողության ինստիտուտների սակավության, տեսուչների սակավաթիվ լինելու  խնդիրներ  կան։ Դեռևս հավուր պատշաճի չեն ենթարկվում համապատասխան պատասխանատվության»։ 

Մղարթի հանքավայրը շահագործվում է  2005թ-ից, սակայն այսօր հանքարդյունահանման աշխատանքները դադարեցված են։ Քրեական գործը  հարուցվել է «ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտում»  հոդվածով  ( հոդված 291.1):

«Մետաղական  հանքավայրերի շահագործումն ընդհանրապես  հանրապետությունում ռիսկային է շրջակա միջավայրի համար»։

Հայաստանում առաջին անգամ տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական  հանձնաժողովն է ռիսկային համարվող   հանքարդյունաբերության ոլորտը ուսումնասիրել։ Հայաստանում  օգտակար հանածոների ավելի քան  871 հանքավայր կա։  Խնդրահարույց համարվող հանքարդյունաբերության ոլորտում հանքավայրերի առյուծի բաժինը բաց եղանակով է շահագործվում։

Վերջին տվյալներով՝  Հայաստանում վավեր է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման 25 թույլտվություն, 2018-2019 թվականներին արդյունահանում իրականացրել է 11 ընկերություն: 2019 թվականին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2,8%: Ոլորտի համախառն ավելացված արժեքի փոփոխության դինամիկան 2015-2019 թվականներին հիմնականում պայմանավորված է Թեղուտի հանքավայրի   գործունեությամբ:

Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռևս չի ծառայում իր նպատակին: Դրա պատճառը հիմնականում օրենսդրական կարգավորումների բացերն են, որոնցից օգտվելով մի շարք ընդերքօգտագործող ընկերություններ հայտարարագրերը լրացնելիս թաքցրել են իրական սեփականատերերին’ այդուհանդերձ չխախտելով օրենսդրական պահանջները:  Շրջակա միջավայրի նախարարն  ընդգծում է՝  հանքավայրերի  իրական սեփականատերերի բացահայտման  հարցի  հասցեատերն ինքը չէ, հորդորում է դիմել այլ կառույցների։

«Հավանաբար արդարադատության նախարարին կամ այլ իրավապահ համակարգի այլ ներկայացուցչի պետք է դիմել»։

ՏՄՊՊՀ–ում պարզել են,  որ  մի շարք ընկերությունների իրական  սեփականատերերի մասնակցությունն ապահովող միջանկյալ իրավաբանական անձինք գրանցված են օֆշորային գոտիներում՝   Կիպրոսի Հանրապետությունում, Բերմուդյան և Վիրջինյան կղզիներում։ Այս  դեպքում   դժվարանում է իրական սեփականատերերի նույնականացման և այլ ապրանքային շուկաներում ազդեցության գնահատման գործընթացը:

Խնդիրներ են հայտնաբերվել նաև   ընդերքօգտագործման պայմանագրերի ուսումնասիրության ժամանակ։ Թեև պայմանագրերը  հիմնականում  կրկնում են օգտակար հանածոյի արդյունահանման և   ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը, բայց դրանցից որոշներում բացակայող տեղեկատվությունը առաջացնում է հետագա ֆինանսական հետևանքներ:

2020–ին էլ շրջակա միջավայրի նախարարությունն է լքված  պոչամբարների ուսումնասիրություն է սկսել։ Շուրջ 5 տասնյակ պոչամբարներ, լքված հանքավայրեր ու լցակույտեր են գույքագրվել, դրանց  ռեկուլտիվացիայի համար հսկայական գումարներ են պետք՝  ասում է  նախարարը։

«Եթե չհաշվենք օրենսդրական բացերը, ապա գործող օրենսդրությամբ դրանց զգալի մասը պետք է չլիներ կամ պետք է չլիներ նման վիճակում, քանի որ գործող օրենսդրությունը պարտավորեցնում է հանքարդյունաբերողներին իրենց հանքավայրերի պաշարները կորզելուց հետո ռեկուլտիվացնել պոչամբարները, լցակույտերը, որոնք թողնում են համայնքներին՝ գերշահույթ ստանալուց  հետո։  Ներողություն այս ձևակերպման համար։

Նախարարն արձանագրում է՝  նախկինում հանքարդյունաբերողներն     ունեցել են որոշակի հովանավորչական  ու  արտոնյալ դիրք, ուստի ունենք այն, ինչ ունենք։ Այժմ, նախ, պետք է փոխել այս   իրավիճակը, ապա՝ նոր օրենսդրությամբ ուժեղացնել վերահսկողական գործիքակազմը։

«Այս փուլում  նման պոչմաբարների, լցակույտերի վերացման համար կան որոշակի գործընթացներ։ Օրինակ, Ախթալայի պոչմաբարներից մեկը ՇՄԱԳ  փորձաքննության ռեկուլտիվացիայի հայտ է ներկայացրել, մեր ՊՈԱԿ–ում քննության մեջ է, սա եզակի օրինակ է։ Որպես կանոն , սակայն, պոչամբաները կան, թողնված են  որպես վատ ժառանգություն համայնքներին ու բնության այդ հատվածներին։ Ամեն ինչ պետք է անենք այդ պոչամբարների ու լցակույտերի տոտալ  ռեկուլտիվացման ու  լիկվիդացման համար ։  Դրանք, ցավոք, իրավաքաղաքական ու տնտեսվարման  խաղի նախկին կանոնների արդյունք են։

Ռեկուլտիվացիայի համար  նույնպես ընկերությունները պարտավոր են գումարներ առանձնացնել, սակայն, դրանք շատ փոքր են, ուստի իրատեսական  չէ այդ գումարով նման աշխատանք իրականացնելը։

Հաճախ էլ հանքարդյունահանող ընկերությունների՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում  ստանձնած պարտավորությունների չափն ու կատարման ժամկետներն են բացակայում պայմանագրերից: Իսկ սա արդյունահանողներին ավելի ազատ գործելու և ստանձնած պարտավորությունը մոռանալու լայն հնարավորություն է տալիս։

Back to top button