ԿարևորՀասարակություն

COVID-ի հայաստանյան գաղտնիքները․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսեց աշխատանքը

Ազգային ժողովում  այսօր առաջին նիստն է գումարել  Covid–ի հարցով քննիչ հանձնաժողովը։ Այն ուսումնասիրելու է նոր կորոնավիրուսի  դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքների արդյունավետությունը։

Մեկ տարի շարունակ ընդդիմադիրները կասկածներ են ունեցել և համոզված պնդել, որ կորոնավիրուսի  դեմ պայքարը կառավարությունը տապալել է։ Թեև հանձնաժողովը ձևավորվել  է և արդեն սկսել  իր աշխատանքը, բայց արդեն մտահոգություններ են հնչում դրա արդյունավետության վերաբերյալ։

Մինչ աշխարհը պայքարում է նոր կորոնավիրուսի երկրորդ և անգամ մոտալուտ երրորդ ալիքի դեմ, Հայաստանի խորհրդարանում սկսում է  աշխատել համավարակի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Այն ստեղծվել է 2020–ի ամռանը՝ ընդդիմադիր խմբակցությունների պնդմամբ։ Առաջարկի հիմքում ընկած կասկածները այսօր էլ շարունակում են  պնդել  «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

Նաիրա Զոհրաբյան ․ «Մենք դեռ  չենք ստացել Covid–ի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ․ հիմնադրամի գումարները ինչի՞ վրա են ծախսվել,  ինչո՞ւ շտապօգնության մեքենաները չէին արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մահանում տներում, ինչո՞ւ էր առողջապահության նախկին նախարարը իր համար ստեղծել ֆավորիտ բժշկական հաստատությունների ցանկ և միայն դրանք էին իրականացնում  պետպատվերը։ Այսինքն, կարծում եմ, հանձնաժողովը մեծ  օրակարգ ունի քննարկելու»։

Միքայել Մելքումյան ․ «Ինձ համար այլ բան է անհասկանալի․  մարտի 13–ին հայտարարվել է լոքդաունի մասին, բայց մինչև մարտի 12–ը հանրաքվեի քարոզարշավ էր իրականացվում»։

Անի Սամսոնյան ․ «Մեկ տարի շարունակ խոսել եմ, որ համավարակի դեմ պայքարը տապալվել է, բայց ես եկել եմ այս քննիչ հանձնաժողով, որպեսզի կամ ապացուցվի, որ իմ կարծիքը սխալ է եղել, կամ ապացուցվի, որ իմ  կարծիքը ճիշտ է եղել»։

Ընդդիմադիրների խոսքում իշխանական թիմի պատգամավորները թեև նկատում են քաղաքական ուղղվածություն, բայց որոշում են կայացրել մասնակցել հանձնաժողովների  աշխատանքներին և չտապալել ուսումնասիրությունը։ Այս թևում ավելի մտահոգված են հանձնաժողովի հետագա վարկանիշով և հարցով, թե որքանով արժանահավատ կլինի քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը։ Դրա  հիմքում լինելու է երեք հիմնական ուղղություն ՝ առողջապահական, տնտեսական և իրավական։

Արտակ Մանուկյան ․ «Հիմա մենք ներքաշվում ենք մի գործընթացի մեջ, որի արդյունավետության գնահատականը աշխարհում դեռ չկա։ Չկա, թե  որն է պայքարի  լավագույն մոդելը, որին պետք է հետևել»։

Ծովինար Վարդանյան ․ «Մենք ինչ–որ չափորոշիչներ պետք է ունենանք՝ ինչի հիման վրա, ինչից ենք ելնում, եթե մենք դեռ ընթացքի մեջ ենք»։

Սուրեն Գրիգորյան ․«Եթե մենք գնահատեինք  արդյունավետությունը, օրինակ,  ապրիլ ամսին, դա կլիներ մի գնահատական։ Եթե գնահատեինք օգոստոսին, կլիներ մեկ ուրիշ գնահատական։ Երկրորդը՝ սուբյեկտիվության հարցը։ Մեր բազմաթիվ գործընկերներ՝ հիմնականում ընդդիմադիր, արդեն հնչեցրել են գնահատականներ, որոնք իրենց բնույթով վերջնական են։ Նույնն է, ինչ մարդու դատավճիռը կարդաս, հետո սկսես փաստերն ուսումնասիրել՝  մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Հազար անգամ այս կամ այն ձևաչափով ասել են, որ տապալել ենք քովիդի դեմ պայքարը և այլն, հիմա իրենք ո՞նց են ուսումնասիրելու ու օբյեկտիվությանը հավակնություն ունեցող կարծիք ներկայացնելու։ Այսինքն՝ իրենք, ըստ էության, պետք է հերքեն նախկինում իրենց ասածը, իսկ ես կարծում եմ, որ հակված են չհերքել և ամեն կերպ հաստատել»։

Այս հանձնաժողովում այսօր հիշեցին քննիչ մեկ այլ հանձնաժողովի փորձը , երբ մի քանի օր առաջ տապալված որակվեց մետաղական հանքերի ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Նոր  հանձնաժողովի նախագահ ԼՀԿ–ից Արկադի Խաչատրյանը համոզված է, որ աշխատանքները ճիշտ բաշխելու դեպքում կկարողանան օգտակար աշխատանք կատարել՝ նաև պետական կառույցների հետևությունների համար։

«Հեղինակության ռիսկը անչափ կարևոր է։ Ես կիսում եմ հարցադրումն ու մտահոգությունը և կարծում եմ, որ արդյունավետ աշխատելու դեպքում մեր հանձնաժողովը կկարողանա ապահովել այնպիսի արդյունքներ, որ այդ հարցադրումը չլինի։ Եթե նպատակը մեր հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունն է, ես կոչ եմ անում, որ դրսևորենք քաղաքական կամք և պատրաստակամություն, մեր ջանքերը ներդնենք, որպեսզի այն լինի արդյունավետ»։

Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունն առաջինը բախվում է ժամկետների խնդրին։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ժամկետը Հայաստանում երկարաձգվել է մինչև հուլիսի 11–ը։ Մինչ այդ՝ արդեն ավարտված կլինի քննիչ հանձնաժողովի գործունեության 6–ամսյա ժամկետը։ Աշխատանքներն անավարտ չթողնելու համար, հավանաբար ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն կառաջանա։ Սակայն, ԱԺ կանոնակարգի համաձայն, դա կարելի է անել մեկ անգամ՝ ևս 6 ամիս ժամկետով։

Back to top button