ԿարևորՎերլուծական

Հայ-իրանական նոր համագործակցությունը՝ հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմին

Այս շաբաթ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում։ Այցը մեկնարկել է Ադրբեջանից, որից հետո Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և վերջում էլ՝ Թուրքիա:

Բաքվում Իրանի արտգործնախարարը նշել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցության խնդիրներն են․ «Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական եւ սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղեւորության կարեւորագույն նպատակներից է»։

Իսկ  իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում  Մոհամմադ Զարիֆը նշել էր. «Այցի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հաղթահարել ճգնաժամը»։  

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Իրանն, ըստ էության, ակտիվացրել է  տարածաշրջանային քաղաքականությունը։

«Դա նաեւ նշանակում է, որ ի տարբերություն մինչպատերազմական շրջանի, հետպատերազմական շրջանում հարավկովկասյան տարածաշրջանի դերն ավելի ընդգծված է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։ Թերեւս նաեւ դրա համատեքստում պետք է դիտարկել ԻԻՀ  արտգործնախարարի տարածաշրջանային այցերը»։

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցության հայ-իրանական նախկին օրակարգերին, մասնավորապես՝ ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, տնտեսական մյուս  ծրագրերին,  ապա իրանագետը կարծում է, որ եթե Հայաստանում շարունակի գործել թուրքական ապրանքների հայտարարված արգելքը, ապա դա նոր ու լրացուցիչ հնարավորություններ կբացի Իրանի համար։

«Տնտեսական  համագործակցության ավելի լայն հնարավորություններ կան։ Ըստ էության՝  իրանական կողմը հասկանում է դա։ Սա հնարավորություն է եւ, միաժամանակ, մեր երկու հարեւանների համար հետաքրքիր խանդի նոր առարկա՝ հայ-իրանական հարաբերությունների առումով։ Կարծում եմ՝ կարելի է սա օգտագործել ե՛ւ տնտեսական համագործակցության խորացման, ե՛ւ նաեւ, այսպես կոչված, հայ-իրանական նոր համագործակցությունը հակադրելու համար, պայմանականորեն ասեմ, թուրք-ադրբեջանական տանդեմին»։ 

Այդ խնդրին, իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան խանդով են նայում՝ ասաց իրանագետը։ Նկատեց նաեւ, որ Ադրբեջանն առիթն օգտագործում է հակաիրանական տրամադրությունները սրելու համար։     

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նպատակը նոր իրողություններում Իրանի դիրքերի ամրապնդումն է։

«Կարծում եմ` այնտեղ լուծվելու են Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված տնտեսական իրավիճակին առնչվող, ինչպես նաև քաղաքական հարցեր։ Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը Հարավային Կովկասում ստեղծվող –իրավիճակի վրա», -ասել է վերլուծաբանը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի գնահատմամբ՝ այս պահին հայ-իրանական հարաբերությունները օրակարգային փոփոխություններ չեն կրել։ Թեեւ նախկին օրակարգն արդեն որոշակի փոփոխությունների կարիք ունի, քանի որ պատերազմից հետո տարածաշրջանում  իրավիճակ է փոխվել, այդ թվում՝ հայ-իրանական հարաբերություններում։

«Պետք է ձեւակերպվի հայ-իրանական հարաբերությունների նոր օրակարգ եւ, գուցե, Զարիֆի այցի ընթացքում կուրվագծվեն նոր օրակարգի որոշ փոփոխություններ։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի ուղերձներով Հայաստան կգա Զարիֆը։ Ես, օրինակ, հետեւում եմ ադրբեջանական մամուլին եւ նկատում եմ, որ առանձնապես մեծ ոգեւորություն այդ այցի հետ կապված չկա։ Ադրբեջանի դեպքում, իհարկե, կա նաեւ թուրքական գործոնը։ Թուրքիան ՝որպես պետություն,  ամեն ինչ անում է թույլ չտալու համար Իրանի դերի բարձրացում տարածաշրջանում, ընդ որում՝ տարբեր խողովակներով հստակ փոխանցելով այդ ուղերձները ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Իրանին»։

Ըստ իրանագետի՝ Հայաստանի պարագայում խնդիրն այլ է։ Եթե, օրինակ, Ադրբեջանում որոշ ուժեր Զարիֆի այցը մեկնաբանում են որպես Ռուսաստանի միջոցով Ղարաբաղում իրանական ներկայություն ապահովելու փորձ, ապա Հայաստանում  դեռ պետք է սպասել ու հասկանալ, թե ինչ ուղերձներ կփոխանցի Իրանի արտգործնախարարը։

Back to top button