ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս ընտրվեց Covid պատվաստանյութը և ե՞րբ կկիրառվի

Հայաստանում Covid-պատվաստման մեկնարկի ժամկետերն արդեն նախանշվում են։ Նաեւ պարզ է արդեն, թե մեր երկրում որ երկրների արտադրության պատվաստանյութերն են կիրառվելու։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին առնչվող բազմաթիվ հարցեր կան՝ սկսած դրանց արդյունավետությունից, կողմնակի ազդեցություններից, վերջացրած տարատեսակ միֆերով։

Հայաստանը կողմնորոշվել է Covid-պատվաստանյութի հարցում․ պատվաստումը մեր երկրում կսկսվի հավանաբար արդեն փետրվարի սկզբին։ Անմիջապես, հենց ռուսական պատվաստանյութը հասնի երկիր, խոցելի խմբերը կհրավիրվեն պատվաստվելու։ Հայաստանում նախատեսվում է պատվաստումն անել նախ ռուսական «Սպուտնիկ Վ» նյութով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այս ընտրությունը բացատրում է նախ նրանով, որ սա ամենաշուտը կհասնի երկիր․ այս ուղղությամբ բանակցում են։

«Դա միայն այն նկատառումով երկիր կգա, որ ավելի շուտ  լինի, որ գոնե  ինչ-որ չափով երկրում մենք սկսենք պատվաստումները։ Շատ հնարավոր է, որ  հենց փետրվարի սկզբին էլ լինի»։  

Սակայն ռուսական պատվաստանյութով չի նախատեսվում ծածկել պատվաստման ողջ ծավալը։ Գայանե Սահակյանը բացատրում է, որ ցածր և միջին եկամտով  երկրների համար գնային հասանելիություն  ապահովող «Քովաքս ֆասիլիթի»  նախաձեռնությունը, որպես այդպիսին միջազգային տարբեր գործընկերներից կազմված հարթակ, Հայաստանին առաջարկել է ձեռք բերել բրիտանական «Աստրազենեկա» պատվաստանյութը։ Սա մոտ 2,5 անգամ մատչելի է լինելու ռուսականից ու երկիր կհասնի արդեն մարտի վերջին։

«Մեկ դեղաչափը կարժենա առավելագույնը 4 դոլար, նախնական ծրագրվում է ձեռք բերել շուրջ 200.000 դոզա, ինչը բավարար կլինի պատվաստել բնակչության 3 տոկոսին» ։

Նախ կպատվաստվեն տարեցների եւ սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդները։  Գայանե Սահակյանը «Ռադիոլուրին» վստահեցնում է՝ պատվաստանյութի անվտանգության հետ կապված վերապահում ԱՆ-ն չունի։  

«Կլինիկական երեք փուլերն էլ ամփոփված են,  և այդ պատվաստանյութը խնդիր չի առաջացնում։ Անվտանգության տեսակետից  հուսալի է։ Երկիրն իր առջեւ նպատակ է դրել  նվազեցնել մահացությունը,  և  այդ տեսանկյունից այս պատվաստանյութը մեզ բավարարում է»։  

Ուշագրավ է, որ Հայաստանն ինքնուրույն չի որոշել, թե որ պատվաստանյութն է  ներկրելու։ Սա «Քովաքս Ֆասիլիթի»  նախաձեռնության առաջարկն է, հիմնավորումը՝ ցածր գին, բարձր արդյունավետություն, կողմնակի ազդեցության ոչ մտահոգիչ արդյունքներ։ Հայաստանն էլ չի հրաժարվել։ Մինչ Հայաստանը դեռ բանակցում է, տասնյակ երկրներ, այդ թվում՝ ամենազարգացածները, սկսել են զանգվածային պատվաստվել։ Իսրայելն առաջատար է․ բնակչության 10 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է։ Այստեղ ընտրել են ամերիկյան Մոդեռնա և Փֆայզեր/ Բիոնտեք պատվաստանյութերը՝ ԱՀԿ փորձաքննածներից ամենաթանկը։ Ռուսաստանը սեփական  պատվաստանյութին է վստահում։ Իրանը եւս իր պատվաստանյութն է փորձարկում․ վերջին փուլում են։ Վրաստանը նախընտրել է Հայաստանի ընտրածը․ սպասում են բրիտանականին։ Ադրբեջանում արդեն պատվաստվում են չինական «ՍինոՎակ»-ի պատվաստանյութով։  Եվրոպայում պատվաստումը դեռ դժվար է «մարսվում», օրինակ Ֆրանսիայում՝  հակապատվաստումային շարժման պատճառով։ Արդյո՞ք աշխարհը միանշանակ է ընդունում պատվաստումը եւ հաղթահարել է իր կասկածները։

ԵՊԲՀ հանրային առողջության  և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը «Ռադիոլուրին» մանրամասնում է՝

«Ամեն պատվաստանյութի դեպքում էլ հակաքարոզներ լինում են, նաեւ՝ Covid19–ի պատվաստանյութի դեպքում ։ Ամեն պատվաստանյութ  ունի իր կողմնակի ազդեցությունը, մասնավորապես, դիմային նյարդի  ժամանակավոր կաթված կամ ալերգիկ ռեակցիա։ Սրանք կարող են լինել և լինում են քիչ  դեպքերում։ Բայց ֆիքսվել դրանց վրա պետք չէ»։

Աշխարհն այսօր պատվաստվում է առավելապես 5 պատվաստանյութով։ Բոլոր դեպքերում խոստացվում է 90 և ավելի տոկոս արդյունավետություն։ «

«Հոյակապ ցուցանիշ»,- ասում է Մելիք-Նուբարյանը․ «սկզբում ընդամենը 50 տոկոսի հույս ունեին։ Իսկ այժմ շատ ավելի բարձր է արդյունավետության եւ անվտանգության երաշխիքը»։

Մասնագետից հետաքրքրվում ենք՝ ԱՀԿ փորձաքննությունն անցած  պատվաստանյութերը նույն ազդող միջոցն ունե՞ն, տարբե՞ր է դրանց քիմիական կառուցվածքը։ Այս պահին երկու մոտեցում կա․ բացատրում է, առաջինը՝  դասական   պատվաստանյութ, երկրորդն՝ ավելի  նորարարական մեթոդ։ Երկու դեպքում էլ   տեխնիկան նույնն է՝ ակտիվացնել մարդու իմունիտետը։  Վերապահում ու կասկած ունեցողներին մասնագետը վստահեցնում է՝  

«Պատվաստումներն ընդհանուր առմամբ անվտանգ, մեզ հայտնի տեխնիկաներ են,  և պետք չէ դրանցից վախենալ, պետք չէ տրվել հակաքարոզին, և պետք է հավատալ, որ սա մեզ կօգնի հաղթահարել  հակավիրուսային ճգնաժամը»։

Ցանկացած պարագայում՝ անկախ պատվաստանյութի ընտրությունից, Հայաստանում պատվաստումները կամավոր ն։ Հրաժարվելու դեպքում ռիսկի խմբի պատվաստվողներին կփոխարինեն ցանկացողները։

Պատվաստումների կողմնակի ազդեցությունների վիճակագրությունը դեռ շատ ամփոփ չէ։ Սակայն մասնագիտական դիտարկումների համաձայն՝ հիմնականում մի քանի օր հնարավոր են տենդ, գլխացավ, թուլություն։ Նույն կողմնակի ազդեցություններն են հնարավոր նաեւ Հայաստանում կիրառվելիք պատվաստանյութի դեպքում․ ըստ ՌԴ  պաշտոնական գնահատման, պատվաստվածների 85 տոկոսի  մոտ  կողմնակի ազդեցություն չի եղել։ Քովիդ-պատվաստումների հետ կապված ամենամեծ աղմուկը ամերիկագերմանական Փֆայզերի հետ է կապվել, սակայն մինչ օրս դրանով պատվաստված մարդկանց մահերի եւ պատվաստման միջեւ ուղիղ կապ չի հաստատվել։ Մեր երկրի առողջապահական գերատեսչությունը եւս հետեւելու է հնարավոր կողմնակի ազդեցությանը եւ արձանագրելու է դրանք։

Back to top button