ԿարևորՀասարակություն

Գումարով վարորդական իրավունք ստանալը նոր կարգով կբացառվի՞

Հունվարից Հայաստանում գործում է վարորդական իրավունք ստանալու նոր կարգը։ Ի՞նչ է փոխվել գործող կարգում, վարորդական վկայական ստանալը  հեշտանո՞ւմ է, թե՞ բարդանում, փոփոխությունները նպաստո՞ւմ են գրագետ վարորդներ ունենալուն ու երթևեկության կարգավորմանը, եւ բացառում են արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերը։  

Յուրաքանչյուր օր՝ 10 քննություն, յուրաքանչյուր քննությանը՝ 10 մասնակից․ Այսինքն, ամեն ամիս վարորդական իրավունք ստանալու համար տեսական քննություն է հանձնում շուրջ 2000 մարդ, նրանցից  ավելի քան 1500–ը ստանում է վկայական։ Բոլոր նրանք, ովքեր դեռ նոր են պատրաստվում վարորդական իրավունք ձեռք բերել, հունվարի 1-ից  քննությունը հանձնում են նոր կարգով՝ ավելի խստացված մոտեցումներով։

Վարորդական վկայական ստանալու նոր կարգում տեսական հարցաշարի ծավալը կրկնապատկվել է։ Ըստ Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի՝  նախկին 620–ի փոխարեն բազայում 1200 հարց է․ապագա վարորդները քննությունը հաջող հանձնելու համար պետք է սովորեն 1200–ը, բայց   քննությանը պատասխանեն դրանցից 20-ին՝ նախկին 10–ի փոխարեն։ Ըստ նոր պահանջների՝ դրական արդյունքի համար պետք է  պատասխանել ոչ թե նվազագույնը 9 հարցի, ինչպես նախկինում էր, այլ՝ 20-ից 18-ին։ Քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ կսահմանվի 30 րոպե։ Ըստ Ոստիկանության ներկայացուցչի՝ նպատակը գրագետ վարորդներ պատրաստելն է՝ իրական երթեւեկության պայմաններում։

«Կարծում եմ, շատ լուրջ փոփոխությունների պետք չէ սպասել։ Հաշվի առնելով, որ մեր երկրում վերահսկողական մեխանիզմները շատ թույլ են։ Այսինքն՝ մարդիկ կարող են պարապել, թեկուզ դժվար քննական տոմսերով, բայց ստանալ վկայական եւ վարել այնպես ինչպես որ ցանկանում են։ Իրական երթեւեկության պայմաններում վարելու քննական գործընթացը ավելի լավ է, քան ավտոդրոմում, բայց լուրջ ակնկալիքներ ունենալը վաղաժամ է։ Սա առաջին քայլն է, գործընթացը սկսված է, բայց պետք է վերահսկելի լինի, որպեսզի նոր վարորդը իրականում վարի այնպես, ինչպես սովորեցրել են»։

Հարցաշարում տարընթերցման առիթ տվող հարցեր կա՞ն, թե՞ ոչ։ «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը կարծում է, որ հարցաշարերը հայերենով ընդհանրապես բարդ են ձեւակերպվում։ Նախկինում, ըստ նրա,  հարցերն անգիր էին սովորում, եւ դրական արդյունք գրանցելն ավելի հեշտ էր։ Նոր հարցաշարը անգիրի տարբերակն ավելի բարդացնում է։ Պեդանյանը բարդացմանը կողմ է, եւ կանխելով հարցը՝ կատակով  նշում է․ «Բարդացումը միգուցե բարձրացնի նաև վկայականի գինը»։ Նրա կարծիքով ՝ բարդացմանը զուգահեռ պետք են նաև խրախուսական մոտեցումներ, օրինակ,  10–ից 10 ստացողների  համար։ «Վարորդի ընկեր» հ/կ փոխնախագահը։

«Բարդացման մեջ նոր կոռուպցիոն առիթ չկա։ Դատելով քննարկումներից՝ կարող եմ ասել, որ ընդհանուր մոտեցումը փոխվել է․ դիմորդները ցանկանում են ինքնուրույն հանձնել քննությունները, պետք է շահագրգռել այս մարդկանց՝ աջակցման մեխանիզմներով, որը կկանխի կոռուպցիան։ Չի բացառվում, որ մարդկանց մի խումբ էլ մտածի, որ քննությունների բարդացման ճանապարհին ելքեր կգտնի գումարով ստանալու համար»։

Իսկ հանրության համար փոփոխված նոր կարգում առաջնային են ոչ թե հարցաշարի մեծ թե կամ փոքր  լինելը, քննության տեւողությունը, այլ անվտանգ երթեւեկությունն ու  գրագետ վարորդները։ Ղահրամանյանը հստակեցնում է՝ նոր կարգը վերաբերում է վարորդական վկայական ստանալուն  եւ չի առնչվում, օրինակ, երթուղային վարորդներին։  Նրանց աշխատանքը վերահսկելու մեխանիզմները շարունակում են թերի մնալ։

Կարգի փոփոխումը, Պեդանյանի կարծիքով, երթեւեկության անվտանգության վրա էականորեն չի ազդի։ Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին, չնայած բարեփոխումներին, մահվան ելքով պատահարների թիվը չի փոխվել ։ Ըստ ոստիկանության ամփոփագրերի՝ մեկ օրում միջինում,  նաեւ եղանակային իրավիճակով պայմանավորված, 17 պատահար է գրանցվում։

«Հարկավոր է համակարգային մոտեցում,–նշում է զրուցակիցս և հավելում,- 2020–ին կատարվել են մի շարք փոփոխություններ, բայց վիճակագրությունը մնացել է նույնը։ Տարիների ընթացքում այլ  ստանդարտներ էին մշակվել՝ կաշառքի ինստիտուտը, օրինակ, այսինքն՝ կաշառք վերցնել  և չպատժվել, խախտում անել և չպատժվել։ Այդ ինստիտուտը քանդվել է, եւ դրա օրինական այլընտրանքը չկա։ ՃՈ աշխատակցին շահագրգռելու մեխանիզմ, որ իր գործը պատասխանատվությամբ անի, չկա։  Նախկինում  կաշառքն էր, հիմա արած գործի դիմաց՝ ոչ ոգեւորող աշխատավարձը։ Վարորդի վերաբերյալ էլ է նույնն է՝ խստությունից բացի, պետք է կրթել, վերապատրաստել»։

Այսօր շատ հերթեր են գոյացել՝ գրանցվողներից մինչեւ քննության սպասողներ: Շատերը մտածում էին քննությունը հանձնել մինչև նոր կարգի ընդունումը՝ ավելի հեշտ տարբերակով։ Տեղեկացնենք, որ արդեն գրանցվածները տեսական եւ գործնական քննություններին կմասնակցեն հին կարգով։ Մեկ այլ նորամուծություն ևս՝ տեսական քննությունը հնարավոր է հանձնել ոչ միայն հայերենով, այլև  անգլերենով, ռուսերենով, պարսկերենով  և արաբերենով։

Back to top button