Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատարների ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել


Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատարների ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է փոխանցել տեղի ուեցածի առնչությամբ։
«Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։
Բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն»,- ասված է գրառման մեջ։
Ըստ դեսպանության հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: