ԿարևորՀասարակություն

Պատերազմի մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի ուսման ամբողջ ընթացքում․ ԿԳՄՍ-ի առաջարկը

1000-ից ավելի ուսանող արդեն օգտվել է Կառավարության սահմանած արտոնությունից և ստացել է ուսման վարձի ամբողջական փոխհատուցում՝  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ 2020–21 ուստարվա  առաջին կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է նախատեսվել  պատերազմին մասնակցած ուսանողների  կամ մասնակիցների ընտանիքի անդամ ուսանողների համար։

Խնդրին համակարգային լուծում տալու համար նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել երկու օրենքներում ՝ ասել է  փոխնախարարը՝ անդրադառնալով  ծրագրի շարունակականության և շահառուների շրջանակի ընդլայնման վերաբերյալ «Ռադիոլուրի» հարցին։ Խոսքը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին է։ Առաջարկվում է ուսման վարձի ամբողջական փոխհատուցման իրավունքից օգվող ուսանողների ցանկը լրացնել «մարտական գործողությունների մասնակից»  խմբով:  

«Նախաձեռնվող փոփոխությունների համաձայն՝ աջակցություն ստացող ուսանողների կազմը համալրվում է շահառուների ևս մեկ խմբով, որոնք Արցախյան այս պատերազմի մասնակիցներն են և ոչ միայն մասնակիցները, այլ նաև ընտանիքի անդամները։

Այս օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա խնդիրը հիմնովին լուծել, այսինքն՝ աջակցությունն իրականացնել ոչ  թե որպես մեկանգամյա ծրագիր, ինչպես օրինակ այս առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է, այլ այս խմբի ուսանողներին ներառել այն ուսանողների ցանկում, որոնք կարող են օգտվել այս արտոնությունից հետագայում՝ իրենց ուսումնառության ամբողջ ընթացքում»։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ աջակցության հայտարարված ծրագրով բազմաթիվ դիմումներ են ստացվել, սակայն դրանց բավարարումը  որոշակի գործընթաց է ենթադրում, քանի որ պահանջվում է մի շարք փաստաթղթերի  առկայություն։

Back to top button