ԿարևորՀասարակություն

Մակունցը դեսպա՞ն․ դիվանագիտական արարողակարգը խախտվել է

Խորհրդարանում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանի հնարավոր նշանակումը։

ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանի հնարավոր թեկնածուի անունը  մեծ աղմուկ է բարձրացրել, քաղաքական ու հասարակական  շրջանակներում։

Դիվանագիտական  արարողակարգը խախտվել է՝ ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի դիվանագիտական ծառայության  և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը՝ խոսելով բուռն շրջանառվող թեմայի  մասին, թե ո՞վ է լինելու Միացյալ Նահանգներում մեր նոր հնարավոր դեսպանը։

«Ռադիոլուրի» զրուցակիցը բացատրում է՝ դիվանագիտական արարողակարգը ենթադրում է, որ դեսպանի  թեկնածուի անունը երկու պետությունները գաղտնի պետք է պահեն  մինչև  նստավայր երկրի թույլտվությունը։ Այս դրույթը չկիրառելու դեպքում հնարավոր են «ցավոտ» հետևանքներ հավատարմագրող երկրի  և թեկնածուի համար՝ ասում է Նուբար Չալըմյանը։  

«Նույնիսկ թեկնածուն իր ամենամոտ մարդկանց  չպետք է ասի իր թեկնածության առաջադրման մասին։ Եթե նստավայր երկիրը հանկարծ չընդունի տվյալ թեկնածուին, դա ցավալի է լինելու նախ տվյալ պետության, ապա՝  թեկնածուի հեղինակությանն է հարվածելու, հնարավոր է, որ  երկու երկրների միջև  որոշակի սառնություն մտնի»։

Դիվանագիտական արարողակարգի մասնագետը վերջին 20 եւ ավելի տարվա կտրվածքով չի հիշում մի դեպք, երբ մինչ ագրեմանը՝ դեսպանի թեկնածության հաստատում  ստանալը Հայաստանը հայտարարեր իր թեկնածուի անունը։ Մինչդեռ այս պարագայում ԱՄՆ-ում Հայաստանի նոր հնարավոր դեսպանի պաշտոնում ակտիվորեն շրջանառվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի անունը, ընդ որում՝ դա հաստատել է  անձամբ Մակունցը․ «Հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, բայց վերջնական որոշում՝ դեռ  ոչ»,-ասել էր Մակունցը։

Բայց դիվանագիտական արարողակարգին հակասությունը սրանով չի ավարտվում։ Նստավայր երկրի համար դեսպան նշանակվողի՝ դիվանագիտական հարթակներով  անցած ուղին կարևոր պայմաններից  մեկն է, ասում է դիվանագիտական արարողակարգի մասին բուհական դասագրքերի հեղինակ զրուցակիցս։

«Իհարկե, շատ կարևոր է, որ  տվյալ անձը պրոֆեսիոնալ  դիվանագետ լինի։ Որքան այդ պահն ընդգծված լինի, որ նա երիտասարդ հասակից անցել է դիվանագիտական աստիճանահարթակներով, այնքան ավելի լավ նստավայր երկրի համար։ Այսինքն ՝ նստավայր  երկրի համար ուրախալի կլինի  պրոֆեսիոնալ  դիվանագետի ներկայությունը տվյալ երկրում»։ 

Մինչդեռ Մակունցն այս մասով իր դիտարկումն էր հայտնել․ դեսպանները նշանակվում են դիվանագիտական կամ քաղաքական նշանակումով, իսկ քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա՝ ասել էր։

Իր փորձի մասով էլ նկատել էր, թե «կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։ Փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակման  թեման բուռն քննարկումներ է առաջ բերել խորհրդարանում։ Այսօր հնչել են նաև քաղաքական գնահատականներ։ Ընդդիմադիր թեւում՝ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցություններում, մտահոգված են, թե գերտերությունում նման նշանակումը կարող է նվազեցնել Հայաստանի միջազգային հեղինակությունը։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը փորձում է, իր ձեւակերպմամբ, կոռեկտ արտահայտվել, քանի որ խոսքը նախեւառաջ կնոջ մասին է, բայց եւ հիշեցնում է՝ ժամանակին նույն ամբիոնից Փաշինյանը խոստացել էր բացառել դեսպանների նշանակումը ծանոթ–բարեկամ սկզբունքով։

«Եվ անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ  դիվանագետները  պիտի լինեն դեսպաններ։ Իսկ հիմա ամենակարևոր երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ անգլերեն»։

Վերադառնալով դիվանագիտական արարողակարգին․ Վիեննայի 1961 թվականի կոնվեցիան սահմանում է՝  նստավայր երկիրը դեսպանի հնարավոր թեկնածուին մերժելիս պարտավոր չէ հավատարմագրող երկրին բացատրել մերժման պատճառները։ Դա արվում է առավելապես մեսիջներով, բացատրում է զրուցակիցս, օրինակ՝ եթե հավատարմագրող երկիրն ամիսներ շարունակ պատասխան չի ստանում նստավայր երկրից։ Այդ դեպքում, ըստ վարվեցողության նորմերի,  հավատարմագրող երկիրն ինքն էլ չպետք է հետաքրքրվի պատասխանի ուշացման պատճառներով, պարզապես հարկ կլինի հանել տվյալ դեսպանի թեկնածությունը։ ԵՊՀ դասախոս Նուբար Չալըմյանը որեւէ կերպ չի անձնավորում թեման, բայց եւ կրկնում է՝ դիվանագիտական արարողակարգի նորմերի չպահպանումը «ցավոտ» հետեւանքներից զերծ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button