ԿարևորՀասարակություն

Հադրութցի ընտանիքը սպասում է Հադրութ վերադառնալուն

Պատերազմի ժամանակ Արցախից տեղահանված շատ քաղաքացիներ օթևանել են Արմավիրի նախկին գիշերօթիկ դպրոցում: Չնայած կառույցն արդեն մի քանի տարի դարձել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն, բայց այստեղ  պահպանվել են ննջարանները, կահույքը, անկողնային պարագաները։

Կենտրոնի տնօրեն Լիլյա Ասատրյանի խոսքով՝ նախկին գիշերօթիկի կոմունալ հարմարություններն են թույլ տալիս օթևանել ընտանիքներին: Այստեղ յուրաքանչյուր ընտանիք իր սենյակն ունի:  

«Ես միայն վերահսկում եմ, եթե որևէ խնդիր է առաջանում, վերանորոգման անհրաժեշտություն կա, մաքրելու,կարգի բերելու, այդ մասով կարգավորում եմ, մնացածն իրենք են անում: Պայմանավորվել ենք խոհանոցն օգտագործել նախատեսված նախաճաշի, ճաշի, ընթրիքի ժամերին, բայց հիմնականում իրենց սենյակներում են ճաշում»:

Այստեղ կյանքը գրեթե հանրակացարանային է․ հերթով օգտվում են լոգարանից, լվացքի մեքենայից, խոհանոցից, ճաշ պատրաստում, բաժին հանում նաև միայնակ ծերերին: Արմավիրի նախկին գիշերօթիկ դպրոցն անցած 2-3 ամիսներին ունեցել է 62 բնակիչ, մեծ մասը  վերադարձել է Արցախ: Հիմա ապրում է 3 ընտանիք և 3 միայնակ ծեր: 76–ամյա Վլադիմիր Բալայանի տունն ունեցվածքով  մնացել է թշնամու վերահսկողության տակ։

«Բնակվել եմ Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղում: Հենց առաջին օրվանից մեզ տեղափոխել են ուրիշ գյուղ, էդ գյուղն էլ են սկսել  ռմբակոծել, հետո տեղափոխվել եմ Ակնաղբյուր, Մադաթաշեն, էնտեղ էլ են սկսել ռմբակոծել, մեզ տեղափոխել են Ստեփանակերտ, հաջորդ օրը՝ Երևան»:

Վլադիմիր Բալայանը 3 տղա ունի, մեկն ապրում է Երևանում, նա իր երկսենյականոց  բնակարանում  ընդունել է 20 հոգու, բոլորն էլ՝ կանայք: Երբ նրանք վերադառնան Արցախ,  Վլադիմիրը  կգնա տղայի տուն ու կապրի նրանց հետ:

Չաքմազյանների տունն էլ է մնացել ադրբեջանական կողմում: Հադրութի Հին Թաղերից է: Սեպտեմբերի 27-ին Վիկտորը ծնողներին տեղափոխել էր համեմատաբար ապահով վայր՝  Տումի գյուղ, քրոջ տուն: Տնից դուրս գալով՝ 75-ամյա Ազատուհի տատիկի մտքով չէր  անցել, որ այլևս տուն չի  վերադառնալու.

«Ես գիդացալ չեմ, է, թա լոխ տուս են եկալ: Վերևիցն բամբիտ ըրին, մնացիլ չենք, լաց իմ իլալ…»:

Վիկտորը կնոջ՝ Սոնյայի ու աղջկա հետ մնացել էր Մեծ Թաղերում, հաց թխել զինվորների համար.

«Մեզ նպատակ չի էլե հելնելու, որովհետև ասել ենք՝ պատերազմ ա էլի, շուտ թե ուշ մի օր կխախանդվի: Ոչ մեկի մտքով չի անցել, որ դաժե Հադրութը կարող ա մնա թուրքերի ձեռը: Թողնենք, փախնենք,  բա էս զինծառայողները, էս զինվորները: Գալիս էին,  չոր հացի համար խնդրում էին։ Բա մեր սովիստը որտեղ թողնեինք: Մենք նույնիսկ վախենում էինք փռի մեջ լույս վառեինք, որովհետև լույսի վրեն անօդաչու սարքը գալիս, խփում էր: Զաժիգալկի լույսի տակ, հեռախոսի լույսի տակ աշխատել ենք 24 ժամ՝ առանց հանգստի: Տուն չենք էլ գնացել, տեսնենք տունն ինչ եղավ»:

Ռմբակոծությունների տարափի տակ հոկտեմբերի 8-ին մի կերպ հասել են Հայաստան՝ իրենց հետ ունենալով միայն գրպանում եղած անձնագրերը, վարորդական իրավունքներն ու  տան գրքույկը, որը գործի բերումով մնացել էր մեքենայի մեջ: Նոյեմբերի 28-ից Արմավիրում են, իսկ ծնողներն իրենց են միացել 1 շաբաթ առաջ: Վիկտոր Չաքմազյանը դեռ անորոշության մեջ է, հարցին՝ կվերադառնա՞ Արցախ, պատասխանում է՝ միայն Հադրութ, Մեծ Թաղեր: Այլ բնակավայր տեղափոխվել չի ցանկանում, ծնողները ծեր են ու հիվանդ, մտավախությունները նրանց անվտանգությամբ է պայմանավորված.

«Ես 55 տարեկան եմ, 2 անգամ ինսուլտ եմ տարել: Հերս 85 տարեկան է, հիմա մենք մինչև 100 տարեկան տուն ենք սարքելու ստե-ընդե: Ես  էլ չեմ կարա արդեն: Եթե մեր ռայոնը վերցնեն, գնալու եմ մեր ռայոնը: Քանի տարեկան են, ես կարամ իրանց  վերցնեմ, տանեմ առաջին լինյա, առաջնագծում, ասեմ՝ տուն եմ սարքում, նորից տուն եմ դնում, 5 տարի հետո մեկ էլ էդ տամ…»:

Տեսանյութերում տեսել են, թե ինչպես է թշնամին վարվել իրենց տան հետ, քանդել տանիքը, փլուզել պատերը:

Տնից  հուշ են  մնացել  հեռախոսով արված լուսանկարները: Հողագործությամբ է զբաղվել, բանջարեղեն մշակել, ավտոմեքենաներ վերանորոգել ու ապրել: Հիմա մեծ ցավ են ապրում  Արցախյան առաջին ազատամարտում զոհված եղբոր շիրիմը գյուղում  թողելու համար: Նրա նկարը մայրն իր հետ բերել էր աղջկա տնից: 1945թ մայիսի 9-ին ծնված Ազատուհի մայրիկը 10 երեխայի մայր է, որդու զոհվելուց հետո սև զգեստից ու սև գլխաշորից չի բաժանվել:

Back to top button