

Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։
ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։
Հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն:
Հունվարի 22-ին՝ Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության այցի առաջին օրը, նախարարը մասնակցել էր ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին:
Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել էր ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել էին հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն ԻԻՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: