ԿարևորՀասարակություն

Հայկական կողմին հանձնված 30 մարմինների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանել է, որ հայկական կողմին վերադարձված 30 աճյունները հայտնաբերվել ու վերադարձվել են ոչ թե որոնողական աշխատանքների արդյունքում,  այլ հանձնվել են ադրբեջանական կողմից։

«Մեզ 30 աճյուն են տվել նախնական տվյալներով՝ մեր զինծառայողները հուղարկավորված են եղել ադրբեջանական կողմում,  հանվել ու վերադարձվել են մեզ, մենք էլ տեղափոխել ենք Ստեփանակերտ, որտեղից էլ Երևան։ Երևանում արդեն դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի, և առաջիկա օրերին պարզ կլինի նրանց ինքնությունը»,– ասել է Հունան Թադևոսյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է տեղի ունեցել այս գործընթացը։ Հունան Թադևոսյանը նշել է՝  որոնողական աշխատանքները այս պահին էլ շարունակվում են Ֆիզուլիում (Վարանդայի շրջան), Ջաբրայիլում (Ջրականի շրջան) և Հադրութում։

«Հրապարակված թիվը երեկոյան արդեն կփոխվի, երբ որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերադառնա և ունենանք արդեն նոր տվյալներ»,– պարզաբանել է Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչը։

Հունան Թադևոսյանը շեշտել է՝ նախկինում եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը մատնացույց է արել աճյունների կոնկրետ տեղը և հայկական կողմը հենց այդտեղից է դուրս բերել զինծառայողների մարմինները։

«Այս 30 աճյունները մեզ տվել են Ֆիզուլիի շրջանում, բայց դրանք, կարծեմ, Ֆիզուլիի շրջանից չեն։ Հավանաբար տարբեր տեղերից են  և գուցե նույն տեղում են եղել հուղարկավորված։ Ադրբեջանցի զինծառայողները, որոնք վերադարձրել են աճյունները, իրենք ևս տեղյակ չեն եղել, թե որ տարածքից են այդ աճյունները»,– «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ։

Կարդացեք նաև
Close
Back to top button